Ա․ 

13 փետրվարի 2021


Մեր համար, որ Սովետական Հայաստանում էինք ծնվել կամ էլ արդեն անկախության տարիներին, Հայաստանի գոյությունը ինքնին հասկանալի մի բան էր, ոնց որ գետինը որի վրա ոտքդ դնում ես։ Ու հանկարծ գետինը շարժվեց։ Ու մենք հասկացանք որ Հայաստանը կարող ա չլինի։ Մենք լինենք, իսկ Հայաստանը՝ չէ։ Մինչև էդ հիշո՞ւմ եք որ հակառակն էր։ Ամեն մեկս գիտեինք որ մի օր մեռնելու ենք։ Իսկ Հայաստանը լինելու էր միշտ։ Հանկարծ էդ ամենապարզ բանը, ինքնին հասկանալի թվացող բանը գլխի վրա շուռ եկավ։ Վաղը գուցե մենք լինենք, իսկ Հայաստանը չլինի։ Երկրաշարժ եղավ։ Երկրաշարժ մեր գիտակցության մեջ։

Ու էսօր ես հանկարծ Աբովյանին հիշեցի։ ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Ու հիշեցի նաև որ Աբովյանը կորել ա։ Ոչ թե մահացել, այլ անհետացել ա։ Ինձ միշտ տանջել ա էդ միտքը թե ոնց էր դա հնարավոր։ Չէի հասկանում։ Հիմա հանկարծ հասկացա։ Էս աշխարհում ամեն ինչ հնարավոր ա։ Ամեն ամեն ինչ։


Բ․

14 փետրվարի 2021

Իմ ընկերներ ու նաև ոչ ընկերներ։ Դիմում եմ բոլորիդ որ էս պահին ինձ կարդում եք։ Մեր երկրում երկրաշարժ ա եղել։ Ու չի բացառվում որ կրկնվի։ Եթե մենք չենք ուզում մեռնել, մենք պետք ա նորից կառուցենք մեր երկիրը։

Խոսքս ֆիզիկական երկրաշարժի մասին չի, խոսքս մեր պարտության մասին ա։ Եվ նորից կառուցել, չի նշանակում կառուցել զրո կետից։ Զրո կետից կառուցողը տեսանք թե ինչ բերեց բոլորիս գլխին։

Ես կոնֆիդենցիալ ինֆորմացիայի չեմ տիրապետում՝ էն մասին թե ոնց եղավ, որ Նիկոլը արեց էն ինչ որ արեց։ Ակնհայտ ա որ Նիկոլի հետևում գործում են դրսի ուժեր։ Բայց ակնհայտ ա նաև, որ էդ դրսի ուժերը կարողացել և կարողանում են Նիկոլին օգտագործել, որովհետև կարողացել և կարողանում են օգտագործել մեզ։ Մենք ենք իրանց տվել էդ բանալին։ Առանց հասկանալու, բայց տվել ենք։ Տվել ենք մեզ օգտագործելու հնարավորությունը։ Ու քանի դեռ մենք չենք հասկացել թե դա ոնց ա լինում, ու քանի դեռ հետ չենք վերցրել բանալին, Նիկոլը եթե անգամ գնա էլ կարող ա գա Կիկոլը, ու մեր երկիրը առաջվա պես մնա անպաշտպան։

Դրա համար էլ դիմում եմ ձեզ՝ իմ ընկերներին և նաև ոչ ընկերներին։ Բոլորիդ, ում հայրենիքը Հայաստանն ա։ Պարտադիր չի մենք լինենք ընկերներ։ Պարտադիր չի մենք ունենանք նույն հայացքները։ Մենք ուղղակի ունենք նույն հայրենիքը։ Եվ մեր հայրենիքի ողնաշարը ճաքել ա։ Եթե վաղը էդ ճաքը դարձավ կոտրվածք, մենք բոլորս դառնալու ենք սնանկ։ Բոլորս՝ առանց բացառության։ Դեռ մի պուճուր ժամանակ կա՝ դա թույլ չտալու։


Գ․

18 փետրվարի 2021


Մենք պարտվեցինք պատերազմում, բայց սա դեռ վերջը չի։ Կարող ա լինեն ավելի վատ բաներ։ Մենք Մերձավոր արևելքում ենք, որտեղ ցնցումները սկսվել են վաղուց։ Հիշենք Իրանը, Իրաքը, Եգիպտոսը։ Հիշենք ինչ եղավ Սիրիայում։ Մենք էդ գլոբալ խաղի մեջ ենք ներքաշվել ու վերջը չի երևում։ Խաղի վերջը մեզանից կախված չի, մեզանից կախված ա՝ նենց անել որ մեզ որպես մատաղի գառ չօգտագործեն։ Ու որպեսզի մեզ որպես մատաղի գառ չօգտագործեն, մենք պետք ա գործի դնենք մեր ինքնապաշտպանական բնազդն ու մեր ուղեղը։ Երկուսը միասին։ Միաժամանակ։

Նայեք ինչ ա կատարվում Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված։ Ով նայել ա ելույթը գիտի որ բազմաթիվ հարցեր առաջացան։ Լավ կլինի էդ հարցերի շուրջ քննարկում գնա և Կարեն Կարապետյանը նույնպես խոսի։ Իսկ եթե նաև Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տա, գուցե օգտակար խոսակցություն բացվի ոչ միայն եղածի, այլ նաև ամենակարևորի ՝ ինչ անելու շուրջ։ Բայց ընկերներիս մի ահագին մասը Սերժին չի լսել—Բա ես դրան լսե՞մ։ Էդ թալանչո՞ւն։ Ընկերներիս մի մասն էլ ասում ա—Հենց Սերժն ա Նիկոլին բերել։ Ես ինքս դա չեմ բացառում։ Գուցե իսկապես Սերժն ա Նիկոլին բերել կամ առնվազն օգնել որ գա։ Կուզեի հասկանալ թե ինչու։ Սերժն իհարկե դա ուղղակի չի ասի, բայց եթե շարունակական խոսակցություն բացվի 2018-ի մասին, գուցե որոշ կարևոր բաներ հնարավոր դառնա հասկանալ։ Կարճ ասած՝ մեզ լուրջ քաղաքական խոսակցություն ա պետք։ Լուրջ, հանգիստ, ըստ էության խոսակցություն՝ առանց պիտակումների, առանց էմոցիոնալ գունազարդումների։ Որպեսզի հասկանանք էս վիճակից դուրս գալու ինչ տարբերակներ կան, որոնք են դրանցից ամեն մեկի առավելություններն ու ռիսկերը։ Մեզ նման հանգիստ քաղաքական խոսակցություն դեռ ամենասկզբից էր պետք, երբ Հայաստանի ներկա Հանրապետությունը նոր նոր էինք ստեղծել։ Մեզ մեր երկիրը կառուցելու սոցիալ-տնտեսական տարբերակներ էին պետք, թող ամեն կուսակցություն կամ դաշինք իրա տարբերակն առաջարկեր, մենք ընտրությունների միջոցով դրանց միջից մեկը-երկուսը կընտրեինք ու կփորձեինք՝ տեսնեինք որն ա մեզ հարմար գալիս։ Սրա փոխարեն մենք ի՞նչ արեցինք։ Մենք մեր հանրային կյանքը լցրինք «ԹԱԼԱՆՉԻԻ», «ԹԱԼԱՆՉԻՆ ԻՆՔՆ ԱԱԱ» ղժժոցով, ընտրություններն էլ վերածեցինք այլանդակ թատրոնի և մարդկանց սիրտը ողողեցինք ատելությամբ։ Ընտրությունից ընտրություն էդ ատելությունն աճում էր, աճում էր, աճում էր, մեր հանրային դաշտը վերածվել էր վառոդի տակառի։ Ու եթե մեր հանրային դաշտը վերածվել էր վառոդի տակառի, մեր տարածաշրջանում շահեր ունեցող գլոբալ էս կամ էն խաղացողի համար ի՞նչ մի դժվար բան էր լինելու լուցկին մոտեցնել էդ վառոդի տակառին և գմփացնելով՝ նախ սարքել 2018-ի թավշե հեղափոխությունը, հետո էլ դրա օգնությամբ՝ 2020-ի աղետը, որտեղ մեկից ավելի շահողներ եղան, իսկ մենք դրանց մեջ չկայինք։

Հաստատ չեմ պնդի, բայց հավանական ա որ հենց տենց էլ եղել ա։ Իսկ հայ մասնակիցները գիտեի՞ն ինչ խաղ են խաղում։ Նիկոլը գիտե՞ր։ Նիկոլի թիմից գիտեի՞ն։ Քանի՞ հոգի։ Սերժը գիտե՞ր։ Եվ իրանց իմացածը հենց է՞ն էր ինչ որ եղավ։ Էս աղե՞տն էր։

Նիկոլ Փաշինյանի թիմի մեջ կան մարդիկ որոնց ճանաչել եմ մինչև հեղափոխությունը։ Ճանաչել եմ որպես ազնիվ մարդկանց։ Ու երբ մտածում եմ մեր հետ և մեր շուրջ կատարվողի մասին, ամենից անհասկանալի հանգամանքներից մեկն իմ համար Նիկոլի էն թիմակիցների վարքն ա, որոնց ես ճանաչում էի որպես ազնիվ մարդկանց։

Արդեն ասեցի՝ հեղափոխության պահով ոչինչ հաստատ չի և ուրեմն կա մի քանի տարբերակ։ Տարբերակ առաջին՝ ոչ մի թաքուն ծրագիր էլ չի եղել և 2018-ի հեղափոխությունը 2020-ին կատարվածի նախերգանքը չէր։ Տարբերակ երկրորդ՝ թաքուն ծրագիր եղել ա, բայց Նիկոլի թիմակիցները դրա մասին տեղյակ չեն եղել։ Տարբերակ երրորդ՝ Արցախի հետ կապված թաքուն ծրագիր եղել ա և ծանոթներս դրա մասին տեղյակ են եղել, բայց էն ինչ կատարվեց, ծրագրում նախապես նշվածից տարբեր էր, բուն ծրագիրը թաքցվել կամ փոխվել ա։ Եվ վերջապես չորրորդ տարբերակը՝ Արցախի հետ կապված թաքուն ծրագիր եղել ա, ծանոթներս դրա մասին տեղյակ են եղել, և մեր հետ կատարվածը հենց էն էր, ինչ իրանք նախօրոք գիտեին որ լինելու ա։

Չորրորդ տարբերակը սրիկայության վարկածն ա, դնում եմ մի կողմ, չեմ քննարկելու։ Առաջինն ու երկրորդը միացնում եմ որ միասին քննեմ, որովհետև երկու տարբերակի դեպքում էլ՝ թաքուն ծրագիր եղած լինի կամ չլինի, ծանոթներս դրա մասին տեղյակ չեն եղել։ Փորձում եմ ինձ պատկերացնել իմքայլական ծանոթներիս տեղում։ Ես պաշտոն ունեմ օրենսդիրում կամ գործադիրում և էդ պաշտոնը ստացել եմ հեղափոխության արդյունքում։ Պատերազմը սկսվում ա, 44 օր շարունակվում ա և ավարտվում խայտառակ պարտությամբ։ Հազարավոր զոհեր տալուց հետո, մենք կորցնում ենք յոթ շրջանները, գումարած Հադրութն ու Շուշին, վտանգվում ա Սյունիքը։ Գերիներն էլ Ադրբեջանում լռվել են, հետ բերել չենք կարողանում։

Փորձում եմ պատկերացնել ես ինչ կանեի։ Ես իհարկե ահավոր կտխրեի։ Բայց տխրելը հերի՞ք ա։ Չէ, հերիք չի։ Տխրում ես նաև էն դեպքում, երբ մեղավորը դու չես։ Իսկ էս դեպքում մեղավորը հենց ես եմ։ Անգամ եթե հատուկ չեմ արել, անգամ եթե պարտվելու ծրագիր չեմ ունեցել, իշխանություն որ հաստատ ունեցել եմ, Հայաստանի ղեկին իմ թիմն ա եղել, իմ թիմն ա պատերազմը պարտվել, ուրեմն ես եմ մեղավոր։ Ու ես կամաչեի։ Կամաչեի, որ 2018-ի հեղափոխությունը արեցի՝ հայաստանցիներին խոստանալով հպարտ կյանք, իսկ իրականում բերեցի նվաստացում և աղետ։ Ես կամաչեի արածիս համար և առնվազն հրաժարական կտայի։

Իրականում իմքայլական ծանոթներիցս միայն մեկը հրաժարական տվեց։ Մնացածը իրանց աթոռներին նստած են և շարունակում են ավելի մեղմ, բայց առաջվա պես ժպտալ։ Սիրուն ժպտացող ջահելներ։ Աչքերիս առաջով անցնում են ծանոթ իմքայլականների դեմքերը։ Ու հանկարծ մտքովս անցնում ա ․․․ Իսկ կարո՞ղ ա իսկապես չեն հասկանում․․․ Չեն հասկանում ինչ ա եղել․․․ Հնարավո՞ր ա տենց բան․․․

Ու հանկարծ սարսափելի կռահումը ուղեղիս խորքերից բարձրանում ա վերև։ Ուղեղիս խորքերից, որտեղ իմ հուշերն են, պատառիկները անցած գնացած օրերի ․․․


Դ․

24 փետրվարի 2021


Հիշո՞ւմ եք ակտիվիստական շարժումները։ «Մաշտոցի պուրակ», «Վճարում ենք 100 դրամ» և մյուսներ։ Դրանք մոտ մեկ տասնամյակ առաջ հանկարծակի սկիզբ առան և հաջորդեցին իրար։ Ակտիվ, աշխուժ, անվախ ջահելներ էին, ընդգծված կերպով տարանջատվում էին քաղաքական շարժումներից, ասում էին մենք քաղաքացիական շարժում ենք, ոչ թե քաղաքական։ 2012-2013 թվերն էին, 2008-ի հսկա շարժումն արդեն մարել էր, սրտումս թողնելով մեծ տխրություն։ Ես չէի հաշտվում տխրության հետ, ելքեր էի փնտրում, բոլորի հետ ծանոթանում էի որ հասկանամ ովքեր կան, ում հետ կարելի ա հույս կապել և մի բան անել։ Քաղաքացիական ակտիվիստներից շատերի հետ էլ ծանոթացա։ Մտքումս մի գաղափար էր ծագել, փոքրիկ մի ծրագիր, մարդիկ էի փնտրում որ միասին անենք։ Ակտիվիստներից մեկի հետ պայմանավորվեցի, որ հանդիպենք, խոսենք։ Հանդիպեցինք, խոսեցինք։ Խոսակիցս աշխուժ, հետաքրքրասեր աղջիկ էր, սկզբում իրար շատ լավ հասկանում էինք։ Հետո տարօրինակ բան եղավ։ Երբ որ, ծրագրիս բովանդակության հետ կապված, ես ժամանակի միջով մի պուճուր հետ գնացի, հասնելով ոչ թե հեռու դարեր, այլ ընդամենը անցած՝ 20-րդ դարի նախ վերջերը, հետո էլ սկիզբները, հանկարծ մեկ էլ նկատեցի որ խոսակցիս հետ կապը կորել ա։ Հեռախոսով խոսելիս երևի տենց փորձ ունեցած կլինեք՝ երբ ոգևորված խոսում խոսում ես, մեկ էլ նկատում ես որ մի քանի րոպե մենակ ես խոսել փաստորեն, կապն ընդհատվել էր չես նկատել։ Տեսնելով որ զարմացել եմ, խոսակիցս ասեց—Ես պատմագիտական հարցերով չեմ հետաքրքրվում, տենց բաներից տեղյակ չեմ, արի ներկայից խոսենք։ Այնինչ իմ խոսքը պատմագիտական հարցերին չէր վերաբերել բնավ, այլ ընդամենը դեպքերի ու դեմքերի, որոնց մասին միջին հայաստանցին շատ լավ տեղյակ ա։ Ուրեմն ո՞նց էր պատահել, որ իմ դիմաց նստած մարդը, որը միջին հայաստանցուն ակնհայտորեն գերազանցում էր հանրային ակտիվությամբ, միջին հայաստանցու իմացած բաները չգիտեր։ Նշածս դեպքը մեջս շատ էր տպավորվել, դրանից հետո ակտիվիստ ջահելների հետ զրուցելիս խոսակցությունը նենց էի տանում որ պարզեի՝ «պատմագիտական հարցերով» չհետաքրքրվելը մենակ հիշյալ զրուցակցի՞ս էր հատուկ, պարզ պատահականությու՞ն էր, բացառությո՞ւն էր ։ Պարզեցի որ չէ, պատահականություն չէր, բացառություն չէր, ակտիվիստների մեծագույն մասը «պատմագիտական» հարցերով չէր հետաքրքվում։

Ինչու էս ամեն ինչը հիշեցի՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմի մի ոչ փոքր մասը հենց նշածս ակտիվիստական շարժումների կադրերն են։ Իրանց համար Արցախի հարցը երևի նույնպես «պատմագիտական հարց» ա։ Գուցե դրա համար էլ թեթև են տանում մեր հետ կատարվածը։ Այնինչ երբ արձագանքում էին ծառեր կտրելուն կամ թափառական շների նկատմամբ դաժան վերաբերմունքին, նրբազգաց մարդիկ էին կարծես թե։


Ե․

27 փետրվարի 2021

Մինչ ես իմ հուշերն էի պատմում, Հայաստանում քաղաքական իրավիճակը նոր սրացում ստացավ։ Բանակի ղեկավարությունը պահանջեց վարչապետի հրաժարականը, Փաշինյանը դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, կողմնակիցներին կանչեց հրապարակ, երբ տեսավ եկողներ կան աչքերը ուրախությունից պլպլացին, ասեց հեսա թավիշին վերջ ենք դնում և արժանացավ ծափերի։ Հայրենիքի փրկության շարժումն էլ փակեց Բաղրամյան պողոտան և Ազգային ժողովի առաջ բեմադրեց Չաուշեսկուի/ դավաճան զույգի գնդակահարությունը։ Հայաստանի օդում խտանում ա ատելությունը։ Նիկոլը ոտքը դրել ա սոցիալական ատելության ոտնակին և թավիշին վերջ տալու խոստումով կորզում ա ծափեր, որոնց էդքան կարոտել էր։ Իսկ ընդդիմությունը որպես հիմնական գործիք օգտագործում ա ազգային դավաճանության մեղադրանքը և Նիկոլին անվանում թուրք։ Հայաստանի օդում խտանում ա ատելությունը, և դա շատ վատ ա, որովհետև ատելությունը պայթուցիկ ա, ու եթե պայթյունը տեղի ունենա, կորչելու ենք բոլորս։

Ուրեմն ի՞նչ անել։ Ես մի առաջարկ ունեմ։ Քանի որ գիտեմ՝ առաջարկս շատերիդ գուցե ջղայնացնի, երկար մտածեցի ասելուց առաջ։ Երկար մտածեցի, ու հասկացա որ պետք ա ասեմ։ Իմ ընկերներ և ոչ ընկերներ, եկեք հանենք մեր միջից ատելությունը։ Եկեք հանենք մեր միջից ատելությունը անգամ նրանց նկատմամբ, ովքեր արժանի են ատելության։ Սենց ասեմ՝ առնվազն ժամանակավոր հանենք։ Որպես արտակարգ իրավիճակից բխող քայլ։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Բացատրեմ։ Ատելությունը հզոր զգացում ա։ Ատելությունը ոնց որ սլաք լինի, երբ մեջդ կա, քեզ հրում ա որոշակի ուղղությամբ, քեզ դրդում ա որոշակի գործողության։ Անում ես, հետո ես մտածում ինչ արեցիր։ Դա շատ վտանգավոր ա։ Մանավանդ էսօրվա մեր իրավիճակում, երբ Հայաստանը էսքան թուլացած ա, երբ բոլորիս ներվերը լարված են, դա շատ շատ վտանգավոր ա։

Ես ինքս արել եմ դա՝ հանել եմ իմ միջից ատելությունը։ Ես հիմա Հայաստանի ներկա և նախկին ղեկավարներից, քաղաքական գործիչներից ոչ մեկին չեմ ատում։ Նույնիսկ Նիկոլին։ Նույնիսկ Նիկոլին, որը քանդում ա Հայաստան պետության հիմքերը։ Երբ գիտակցումը, որ Հայաստանի վարչապետը քանդում ա մեր երկրի հիմքերը, առաջին անգամ հասավ իմ ուղեղին, ատելությունը էն տեսակ թանձրությամբ ողողեց սիրտս, որ ես քիչ էր մնում մեռնեի։ Ես չմեռա, բայց զգացի որ ատելության թանձրությունից ուղեղս արդեն լավ չի աշխատում։ Ինձ դուր չեկավ էդ վիճակը։ Եվ գիտակցված ջանքերի գնով ես հասա նրան, որ ատելությունը միջիցս դուրս գա։ Հիմա իմ մեջ ատելություն չկա։ Հիմա իմ մեջ վախ էլ չկա։ Բայց կա մեծ վտանգի հստակ գիտակցություն։ Ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ մեր երկրի գլխին կախված վտանգը վերացնելու համար։ Եվ որպես դրա առաջին ու պարտադիր քայլ՝ Նիկոլի հեռացումին հասնելու համար։

Բայց էս էն դեպքը չի, որ ես կարողանամ միայն իմ խոսքով իրավիճակ փոխել։ Մենակովս չէի կարողանա նաև էն դեպքում, եթե քաղաքական գործիչ լինեի։ Հայաստանում էսօր ոչ մի քաղաքական գործիչ չի կարողանա միայնակ իրավիճակ փոխել։ Ուրեմն պետք ա փնտրենք և գտնենք մեր ջանքերը միավորելու ձևը։ Բոլորս՝ թե մտքի դաշտում, թե քաղաքական դաշտում։ Որ միասին դուրս բերենք Հայաստանը վտանգի գոտուց։


Զ․

3 մարտի 2021

Հայաստանի գլխին կախված վտանգը շատ մեծ ա։ Սարսափելին էն ա, որ մեր երկիրը քանդում են հենց մեր ձեռքերով։ Հիշո՞ւմ եք Սիրիայում ոնց եղավ։ Հիշո՞ւմ եք ամեն ինչ ոնց սկսվեց։ Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ազատության համար պայքարելու, արդարության համար պայքարելու։ Պայծառ, ոգևորված ջահելներ էին, մեր ջահելներից ոչ պակաս պայծառ։ Շարունակությունն էլ եք չէ՞ երևի հիշում։ Էսօր Սիրիան ավերակների մեջ ա, հսկա երկիրը՝ ծայրից ծայր։

Հայաստանը դեռ լրիվ ավերակների մեջ չի, բայց վաղը կարող ա լինի։ Մենք կարո՞ղ ենք դա թույլ չտալ։ Գուցե դեռ ուշ չի՞, գուցե փորձե՞նք։

2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ սոցիալական դժգոհության ալիքի վրա։ Էսօր բոլորիս համար ա պարզ, որ դա միջոցն էր ոչ թե նպատակը, որ մեր հետ կատարվող մեծ գործընթացները դրա հետ կապ չունեն, Հայաստանի պետական կառուցվածքի հետ էլ առանձնապես կապ չունեն, այլ աշխարհաքաղաքական բնույթ ունեն։ Եվ էդ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ շատ մեծ դեր ունի, առանցքային դեր ունի Թուրքիան։
Ադրբեջանը մեզ հաղթեց, որովհետև կռվում էր Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված։ Երևի չափազանցություն չի լինի ասել, որ մենք էս պատերազմում առաջին հերթին Թուրքիային ենք պարտվել։ Իսկ հետո՞, հետո ի՞նչ ա լինելու։ Չէ՞ որ 2020-ի պատերազմով դեռ ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ դեռ նոր ա սկսվում։ Ի՞նչ հարաբերություններ ենք մենք ունենալու Թուրքիայի հետ։

Վերջերս նայեցի Խաչատուր Սուքիասյանի հետ մի հարցազրույց, և տեսա որ հայտնի գործարարը ոգևորված ա հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով, ակնկալում ա թե դրա արդյունքում մենք Հայաստանում կունենանք տնտեսական վերելք։ Մեկ ուրիշ հարցազրույցում նույն բանն էր պնդում նաև Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ասում էր իհարկե վատ եղավ որ մեր պարտության արդյունքում ունեցանք հայ-թուրքական սահմանի բացման շանսը, բայց մեկ ա դա շանս ա մեր համար, տնտեսական զարգացման մեծ շանս ա։
Բացի տնտեսականից, հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա բարելավման հեռանկարը կապվում ա նաև մեկ ուրիշ սպասելիքի հետ։ Ոմանք ակնկալում են, թե բարելավելով մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք արդեն կախված չենք լինի Ռուսաստանից, կդառնանք ավելի անկախ։ Էս տեսակետի ամենածայրահեղ դրսևորմանը հանդիպեցի Հրանտ Տէր-Աբրահամեանի պատին։ Երկար ընդմիջումից հետո վերադառնալով ֆեյսբուք, փետրվարի 18-ին Հրանտն իր գրառման տակ դրեց «Փախչել ռուս-թուրքական վանդակից» էսսեի հղումը։ Դրանում Հրանտը անում ա սենց պնդում։ Մեջբերում եմ․

«Ռուսաստանի համար Արևելյան Հայաստանի անկախությունը միշտ էլ՝ ժամանակավորապես միայն ընդունելի չարիք է:

Թուրքիայի համար՝ Կովկասի և Արևելյան Հայաստանի անկախությունը՝ պատնեշ ռուսական ծավալման դեմ»:

Հասկացա՞ք Հրանտն ինչ ա ասում։ Ասում ա Ռուսաստանի համար անկախ Հայաստանը հավերժական չարիք ա և ռուսները եթե մեզ հանդուժեն էլ, հանդուրժում են միայն ժամանակավոր։ Հրանտը նաև ասում ա, թե Թուրքիայի համար, հակառակը, անկախ Հայաստանը ոչ թե չարիք այլ բարիք ա, քանի որ ծառայում ա որպես պատնեշ՝ ռուսական ծավալման դեմ։

Ես կարդացի Հրանտի էս գրածը և աչքերիս չէի հավատում։ Բացում փակում էի աչքերս, մտածելով՝ երազ ա, բայց չէ, երազ չէր։ Հարցրի՝ Հրանտ, կարո՞ղ ես հիմնավորել ասածդ։ Հրանտը պատասխանեց՝ իհարկե կարող եմ հիմնավորել, բայց ոչ ֆեյսբուքում։ Անցել ա արդեն երկու շաբաթ, ես Հրանտի հիմնավորումը չեմ լսել։ Մարտի մեկին Հրանտը հարցազրույց տվեց 1in TV-ին, բայց էս հարցին մեկ բառով անգամ չանդրադարձավ։ Տարօրինակ ա շատ էս ամեն ինչը։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Հրանտին գիտեմ որպես տրամաբանությունից ուժեղ մարդու և չեմ հասկանում՝ ինչու ա ինքը անում էսքան անտրամաբանական պնդում։

Այո, հայ-ռուսական հարաբերություններում միշտ եղել են և էսօր էլ կան խնդիրներ։ Մենք եղբայրներ չենք, ոնց որ ադրբեջանցիք և թուրքերն են եղբայր։ Բայց ո՞նց կարելի ա պնդել, թե մեր և ռուսների շահերը հավերժական հակասության մեջ են, թե մեր անկախությունը հավերժական չարիք ա Ռուսաստանի համար։ Ո՞րն ա սրա հիմնավորումը։ Չկա։ Հրանտն ուղղակի «հավերժ բարեկամ Ռուսաստանի» լեգենդը շուռ ա տվել մեջքի վրա, «բարեկամ» ածականը փոխարինելով «թշնամի» ածականով։ Բայց ինչո՞ւ։ Որ սարքի բարեկամ Թուրքիայի լեգե՞նդը։ Հրանտն ասում ա՝ մեր անկախությամբ մենք պատնեշ ենք կանգնում Ռուսաստանի դեպի հարավ ծավալմանը, հենց դրանով էլ՝ մենք Թուրքիայի համար դառնում ենք պոտենցիալ դաշնակից։ Լավ, ասենք իսկապես Թուրքիան ուզենա մեզ օգտագործել որպես պատնեշ՝ Ռուսաստանի դեմ։ Մի՞թե դրանով մեր և Թուրքիայի միջև շահերի բախումը կվերանա։ Չէ՞ որ 1915-ը եղել ա։ Եթե մենք ասենք՝ ցեղասպանությունը ներում և մոռանում ենք, թուրքերը դրան հավատալո՞ւ են։ Չէ՞ որ եթե անգամ ասենք թե մոռանում ենք, քաղաքական տրամաբանությունը պարզ ասում ա, որ հենց ուժեղանանք, հիշելու ենք։ Թուրքերը քաղաքական տրամաբանությա՞մբ են առաջնորդվելու, թե եղածը մոռանալու մեր խոստումով։ Թուրքերի՞ն ենք ապուշի տեղ դրել թե՞ ինքներս մեզ։

Ընդ որում ցեղասպանությունը մեր և թուրքերի շահերի բախումը պայմավորող միակ գործոնը չի, կա նաև Մեծ Թուրանի ծրագիրը, որպես ոչ պակաս կարևոր գործոն։ Մեծ Թուրանը թուրքերի ապագայի քաղաքական ծրագիրն ա, անցած դարասկզբին փորձեցին չկարողացան, հիմա նորից են փորձում—եթե Բաքվի շքերթը դեկտեմբերին նայել եք, կհիշեք ոնց էր Էրդողանը դրա մասին պարզ ասում։ Մեծ Թուրանը թուրքական ժողովուրդներին միավորելու ծրագիր ա և մենք ֆիզիկապես կանգնած ենք դրա ճանապարհին, դրանից էլ գալիս ա մեր շահերի բախումը։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք վերացնելու էդ շահերի բախումը։ Թուրքական ժողովուրդ ենք ինքնահռչակվելու և մտնենք Մեծ Թուրանի մե՞ջ։ Թե՞ Հայաստանի տեղը փոխելու և ուրիշ մայրցամաք ենք տեղափոխվելու։ Բայց եթե տեղափոխվենք, մենք թուրքերին արդեն չենք կարողանա ծառայել որպես պատնեշ ռուսների դեմ, էլ ի՞նչ դաշնակից։

Լրիվ աբսուրդի մեջ ենք գլորվում։ Շատ վտանգավոր աբսուրդի մեջ։ Ո՞նց անենք որ դուրս գանք էս վիճակից։ Իմ սիրելի ընկերներ և ոչ ընկերներ, դուք ի՞նչ եք մտածում սրա մասին։


Զ+

4 մարտի 2021


Տեքստիս նախորդ մասը դրեցի ֆեյսբուքում և տակը գնաց բանավեճ։ Հրանտ Տէր-Աբրահամեանը նեղվել ա գրածիցս, ասում ա, թե ինքը ամիսներով նյութեր ա ուսումնասիրել և պատմագիտական հոդվածներ գրել խնդրո առարկա թեմայով, իսկ ես եկել ու ֆեյսբուքում եմ իրանից հիմնավորում պահանջում ասածի համար։ Հրանտը խոստացավ որ հիմնավորումը կտա առանձին հոդվածով։ Հասկանալի ա որ դա ժամանակ կխլի։ Իսկ մինչև էդ, քանի որ գրառմանս քոմենթներում իմ հասցեին մեղադրանքներ հնչեցին, թե ես հարցի պատմական խորքին ծանոթ չլինելով, ժամանակին նույն հարցի մասին հայտնի գործիչների ասածներին ծանոթ չլինելով սխալ բաներ եմ ասում, անհրաժեշտ եմ համարում իմ մոտեցումը ճշտել։

Խոսքը գնում ա ոչ թե պատմագիտական, այլ ակտուալ քաղաքական հարցի մասին։ Խոսքը գնում ա էն մասին, թե էսօր ո՞ւմ հետ դաշնակցելն ա մեր համար գերադասելի՝ Ռուսաստանի՞ թե Թուրքիայի։ Էս հարցի պատասխանը գտնելու համար, իմ հաստատ համոզմամբ, պետք ա ելնել առաջին հերթին ներկայից, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից, ներկա ուժերի բալանսից։ Հրանտը դա չի անում, փոխարենը նույն հոդվածում, որտեղից հիմնական մեջբերումս էր, գրում ա․ «Կարդա՛ 1919-20 թթ.-ի Հայաստանի պատմությունը, և իմացի մեզ հետ այսօր տեղի ունեցողի էությունը, հաճախ նույնիսկ՝ մանրամասները, այլև՝ կանխատեսի ապագայի հնարավորությունները»:

Ես բացարձակ համաձայն չեմ էս մոտեցման հետ։ 1919-20 թթ․ կատարվածը ավտոմատ պրոյեկտելով էսօրվա վրա, չես կարողանա ընդունել ճիշտ քաղաքական որոշում։ Սա ավելի շատ միստիկայի ա նման և կարող ա բերել աղետի։

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը շատ մեծ կարևորություն ունի մեր երկրի համար։ Ես սկզբունքորեն չեմ բացառում Թուրքիայի հետ դաշինքի հնարավորությունը, չեմ ասում՝ երբեք, բայց եթե պնդում ես, թե էդ դաշինքին պետք ա գնալ էսօր, եթե պնդում ես, թե Թուրքիայի հետ դաշինքը մեր համար ավելի նպաստավոր կլինի, քան Ռուսաստանի հետ դաշինքը, ավելին, եթե ասում ես, թե Թուրքիայի հետ մեր դաշինքը պետք ա լինի ընդդեմ Ռուսաստանի, ուրեմն պետք ա հիմնավորես ասածդ, և պետք ա հիմնավորես, ոնց որ ասեցի, էսօրվա իրողությունների կոնտեքստում։

Ես սպասում եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածին։