տես նաև՝  ՄԵՆՔ ԿԵՐԱՆՔ ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ
ԲԱՐԵՎ, ՎԻՈԼԵՏ


3ապրիլի 2021թ․


Բարև, Վիոլետ։ Նորից ուզեցի խոսել քո հետ։ Անցած ամառ, երբ նախորդ նամակս գրում էի, պարտությունը դեռ չէր եղել, Հայաստանի ողնաշարը դեռ ջարդված չէր։ Էսօր 2021 թվի ապրիլի երեքն ա։ էսօր մեր երկրի ողնաշարը ջարդված ա։

Մեր երկրի ողնաշարը ջարդված ա և Հայաստանը համրացել ա։ Գլուխն առել ա ափերի մեջ, աչքերը փակել ա, ողբում ա։ Ինքն իրա վրա անբառ ողբում ա։ Ես չեմ ուզում սենց շարունակվի։ Արի խոսենք, Violet։ Արի խոսենք և խոսքը նորից դարձնենք հնարավոր։ Երբ խոսքը նորից դառնա հնարավոր, մենք կկարողանանք գծել նոր ճանապարհ։

Մենք երկուսս էլ տեսել ենք, թե ոնց էս Հայաստանը ծնվեց։ Ինքը ծնվեց Ազատության հրապարակում։ Ինքը ծնվեց խոսքով։ Եվ շարունակության մեջ էլ, որը ձգվեց 33 տարի, խոսքը կենտրոնական դեր ուներ, հրապարակները կենտրոնական դեր ունեին։ Ու հիմա Հայաստանը եկել դեմ ա առել պատի։ Ու եթե Հայաստանը, որի անցած ճանապարհի մեջ խոսքը կենտրոնական դեր ուներ, եկել դեմ ա առել պատի, ուրեմն մեր անցյալ խոսքի մեջ մի կարևոր բան սխալ էր։ Ուրեմն մեզ հիմա նոր խոսք ա պետք։ Արի խոսենք, Վիոլետ։ Արի նոր խոսքը դարձնենք հնարավոր։

Քաղաքական դաշտը չի կարողանում նոր խոսք ասել։ Հին քաղաքական դեմքերը խճճվել են սեփական անցյալի հանգուցավոր թելակծիկում։ Բոլորն էլ գիտեն, հասկանում են, որ մեծ ու փոքր սխալներ են գործել։ Բայց եթե դրա մասին խոսեն, քաղաքականապես տուժելու են։ Դրա համար էլ սեփական սխալներից չեն խոսում։ Իսկ առանց դրա նոր բան առաջարկելը դժվար ա։

Իսկ նոր քաղաքական դեմքերից ես ոչ մի սպասելիք չունեմ։ Իրանք մոտավորապես նույնն են, ինչ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Նույն սխեմատիզմը, կյանքը կարգախոսներով պատկերացնելու նույն պիոներական հակումը։
Ուրեմն մնում ենք ես ու դու։ Բան-ա-ստեղծներս։ Մերը էն խոսքն ա, որն ամենասկզբում էր՝ քաղաքական խոսքից առաջ։ Մերը հիմքի էն քարն ա, որի վրա բարձրանում ա շենքը։ Ու քանի որ շենքը ջարդուփշուր ա եղել, ուրեմն մեր մեղքն էլ կա, ուրեմն հիմքի քարը սխալ էինք տաշել։ Արի նորից տաշենք քարը, Վիոլետ։

Արի խոսենք։


Վիոլետի պատասխանը՝    «ԵՍ ԷԼ ԴՈՒ ԵՄ, ԵՍ ՉԿԱՄ»




ԱՐԻ ԳԻՏԱԿՑԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ։ ՄԵՆՔ ԷԴ ՈՒԺԸ ՈՒՆԵՆՔ։

11 ապրիլի 2021թ․


Վիոլետ, հզոր տեքստ ես գրել։ Ես ուզածիս հասա՝ խոսակցությունը սկսվեց։ Արի շարունակենք։

Քո տեքստը, ոնց որ միշտ, տարբեր շերտեր ունի, հենց սկզբից հստակ ասեմ, թե որ շերտը չեմ շարունակելու, որովհետև դա մեզ կտանի դեմ կտա փակուղու։ Չեմ շարունակելու «բոզլացի» թեման, երբ Նիկոլի բերանը լեզու դնելով, 2008-ի շարժման մասնակիցներին Արցախը պարտության տարած Նիկոլի հետ հավասար մեղավոր ես հանում փաստորեն, պնդելով թե Նիկոլը Տեր-Պետրոսյանի «երեխեն» ա։ Սրա հետ կապված քո ասածների մեջ մեկի տեղ մի քանի սխալ բան կա, եթե ես դրանց վրա կենտրոնանամ, վերջում շատ եմ ջղայնանալու և քո տված հարցը վերադարձնելու եմ քեզ—Բա որ 2018-ի «հեղափոխության» ժամանակ ոգևորված դուրս էիր եկել փողոց, չէիր տեսնո՞ւմ ում ես իշխանության բերելու, հիմա դու իրա հետ հավասար մեղավո՞ր ես ․․․ Եվ ի՞նչ ա սրա արդյունքում լինելու։ Ոնց որ դու ես սիրում ասել—քաքի համը դուրս ա գալու։ Դրա համար հենց ստեղ կանգ եմ առնում և էս թեման, ոնց որ ասեցի, չեմ շարունակելու։

Վիոլետ ջան, մենք՝ բանաստեղծներս, ավելի ազատ մարդիկ ենք, քան քաղաքական գործիչները։ Արի մեր ուժը և առավելությունը գիտակցենք։ Քաղաքականությունը սովորաբար իրար դեմ ա հանում մարդկանց, ես ու դու սեփական փորձի վրա դա փայլուն գիտենք, որովհետև քաղաքականությունը մեզ ժամանակին բաժանել էր։ Ես թույլ չեմ տա, որ դա նորից տեղի ունենա, անգամ եթե մենք վաղը հանկարծ նորից տարբեր քաղաքական գործիչների պաշտպանենք։ Քաղաքականությունը միշտ հատվածական ա, հանրությունը բաժանում ա տարբեր շահեր ունեցող մասերի, իսկ ճշմարտությունը երբեք էդ հատվածներից մեկի կամ մյուսի մեջ չի միայն , ճշմարտությունը ավելի բարդ բան ա և ներառում ա բոլոր հատվածները։ Փիլիսոփայական մասը սրանով ավարտեմ և անցնեմ բուն խոսակցությանը։

Վիոլետ, քո բազմաշերտ տեքստի մեջ իմ համար ամենահետաքրքիրը և կենտրոնականը «լավ ապրելու» նպատակադրումը խնդրականացնելն ա, երբ դու դրան հակադրում ես արդարության և արժանապատվության սկզբունքները՝ կապելով դրանք Արցախի հարցի հետ։ Ինչքան հիշում եմ, մեր հանրային դիսկուրսում նման խնդրականացում, առավել ևս նման կոնտեքստում, երբեք չի արվել։ Ինչո՞ւ չի արվել։ Որովհետև մեզանում հենց սկզբից տիրապետող ա եղել «հետամնաց Սովետից պոկվելու և ազատ ու զարգացած Արևմուտքին միանալու» դիսկուրսը և «լավ ապրելը» հենց էդ կոնտեքստում էր դիտարկվում։ Մենք սոցիալիզմից անցում-վերադարձ էինք կատարում դեպի կապիտալիզմ, բայց մեր ոչ քաղաքական, ոչ անգամ մտային դիսկուրսում էդ անցումը չկար, էդ անցումը թաքցված-ծածկված էր «հետադիմական սովետական» versus «առաջադիմական արևմտյան» հակադրության տակ։ Եվ օլիգարխիան էլ ոչ թե որպես կապիտալիզմի նախնական փուլի մի մաս էր դիտարկվում, այլ համարվում էր ֆեոդալիզմի դրսևորում։ Իսկ քաղաքական պայքարում կենտրոնականը թալանի թեման էր—թալանել, գռփել, մազութ լափել, լափամանից օգտվել, և այլն, և այլն։ Քաղաքական խոսակցությունը հանգել էր պոպուլիստական-բարոյախոսական քֆուրախոսույթի, երբ բոլորը բոլորին մեղադրում էին թալանչի լինելու մեջ։ Էդ քֆուրախոսույթի մեջ առաջին թալանչին Լևոնն էր /Արշակ Սադոյանի ականջը կանչի/։ Հետո Լևոնը գնաց, 10 տարի հետո ետ եկավ հրապարակ, ու գլխավոր թալանչիները՝ ավազակապետերը, արդեն Քոչարյանն ու Սերժն էին։ Դե իսկ ամենավերջում գիտենք ինչ եղավ՝ քֆուրախոսույթի ամենամեծ շահառուն Նիկոլը դուրս եկավ, թալանչի Սերժին մերժելով եկավ իշխանության և անգամ երկիրը խայտառակ պարտության տանելուց և անդունդի եզրին կանգնացնելուց հետո դեռ մնում ա իշխանության ղեկին, քանի որ դեռ «թալանածը հետ ա բերելու» և ժողովրդի մի ոչ փոքր մասը դրան դեռ հավատում ա։

Վիոլետ ջան, Հայաստանի կենտրոնական դիսկուրսը փոխել ա պետք։ Քաղաքական գործիչները, արդեն ակնհայտ ա, դա չեն անելու։ Հավանաբար պատճառն էն ա, որ չեն կարող։ Սեփական անցյալի գերին են դառել։ Ուրեմն մնում ենք ես ու դու։ Խոսքի և մտքի մարդիկս։

Հայաստանն էսօր անդունդի եզրին ա, անվտանգության մեծագույն խնդիր ունի։ Ի՞նչ ա լինելու մեր ապագան։ Կա հիմնական երեք տարբերակ։ Ա․ Մենք չենք կարողանում դիմադրություն ցույց տալ, հանձնվում ենք հոսանքին և վերանում ենք որպես պետություն։ Բ․ Զգալով վտանգը, մենք կծկվում ենք, վերածվում ենք բերդի, և ոնց որ պաշտպանվող բերդում ա լինում՝ ինքնակամ կրճատում ենք մեր իսկ ազատությունները, որ գոյատևենք։ Գ․ Մենք գիտակցում ենք վտանգը, մեզ թափ ենք տալիս, կատարում ենք աշխարհի մասին մեր պատկերացումների վերանայում, մտային-քաղաքական ռեֆորմ և ստեղծում ենք նոր Հայաստան։ Ոչ թե գոյատևող, այլ զարգացող Հայաստան։ Ոչ թե ուրիշներին անհաջող նմանակող, այլ սեփական ուղին գիտակցաբար ընտրած Հայաստան։

Առաջին տարբերակին ես համաձայն չեմ։ Երկրորդ տարբերակն էլ չեմ ուզում։ Ես շատ շատ կտխրեմ, եթե ստիպված լինենք երկրորդ տարբերակին գնալ։ Ես երրորդ տարբերակն եմ ուզում։ Ես ուզում եմ նոր, ուժեղ, վերածնված Հայաստան։ Ես վերածնունդ եմ ուզում։ Ռենեսանս։ Ես հավատում եմ որ մենք դրա կարողությունն ունենք։ Մենք՝ հայերս։ Դա շատ դժվար ա, բայց հնարավոր։ Բայց դա ինքն իրան չի լինի։ Սկիզբը պետք ա դրվի, որ շարունակությունը գա։ Արի սկիզբը դնենք, Վիոլետ։ Մենք դա կարող ենք։ Ու եթե մեզ տաղանդ ա տրված, ուրեմն նաև պատասխանատվություն ա տրված։ Ես տենց եմ կարծում։

Բայց ճակատագիրը մեզ մենակ տաղանդ չի տվել, նաև ուրիշ նվեր ա տվել՝ մեր ապրած մեծ ժամանակը։ Քո տեքստում դրա մասին ահագին կար, բայց դու ձևակերպումը չէիր տվել։ Մեր սերունդը ունի էն, ինչը մեզանից հետո եկողները ցավոք չունեն՝ տեսադաշտի լայնություն։ Մենք տեսել ենք տարբեր ժամանակներ։ Մենք տեսել ենք տարբեր հասարակարգեր։ Մենք մի անգամ արդեն տեսել ենք անցումը՝ մի հասարակարգից դեպի ուրիշ հասարակարգ, սառը պատերազմից դեպի պոստսովետական ժամանակներ։ Ու հիմա, երբ նորից անցումային շրջան ա, երբ ամբողջ աշխարհում սկսվել ա անցումը դեպի նոր ժամանակներ որոնք դեռ անուն չունեն, մեր փորձը մեզ օգնում ա որ մենք նկատենք էդ անցումը, որ մենք հասկանանք էդ անցումը, և փորձենք Հայաստանը տեղավորել էդ անցումի մեջ՝ ոչ որպես խորտակվող նավակ, այլ որպես նավ, որի ղեկին կանգնածը կհասկանա ուր ա նավարկում։

Արի չհուսահատվենք, Վիոլետ։ Արի գիտակցենք մեր ուժը։ Մենք էդ ուժը ունենք։


տես նաև՝  ՀՈՒՇԵՐ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑՅԱԼԻՑ