տես նաև՝ ՈՐ ԵՍ ԵՐԵՎԱՆՈ՛ՒՄ ԾՆՎԵԻ

ՄԵՍԻԱՅԱՆՆԵՐԸ, ՀԱՅԿՈՒՀԻՆ, ԵՍ

ԲԱՐԵՎ, ՊԱՊ


Ժամացույցի գործարանի կողքով անցնում էր իմ դպրոցի ճանապարհը։ Հիմա քարուքանդ ա գործարանի շենքը։ Վաղուց ա քարուքանդ։ Իսկ դիմացը Ամերիկյան համալսարանի կողքի այգին ա։ Գործարանի և այգու տեղում առաջ գերեզմանոց ա եղել։ Իմ Կոզմաս Մեսիայան մեծ պապն ու իրա մեծ աղջիկը՝ Հնազ Մեսիայան-Արմենյանը, որ մամայիս մաման ա, էդ գերեզմանոցում են թաղված։ Բայց 40-ականների սկզբներին, երբ գործարանը սկսեցին կառուցել, գերեզմանոցը վերացրին։ Քանդեցին։ Այսինքն իմ Կոզմաս մեծ պապն ու Հնազ տատը հիմա գերեզման չունեն։ Մեր տունը Ամերիկյան համալսարանից վերև ա, քանի էս կորոնավիրուսի համաճարակը չէր սկսել, ես հաճախ էի համալսարանի կողքի այգով իջնում քաղաք ։ Քայլում էի ծառերի կողքով, հիշում էի տատիս ու պապիս վերացած գերեզմանները, և մեջս իրար էին խառնվում սերը, դառնությունն ու ջղայնությունը։

Իսկ մի քանի օր առաջ, լրիվ պատահաբար, ես համացանցում դեմ առա էս տողերին․ «Մինչև 1990-ական թվերը թե´ Մարգարիտային1 և թե´ հանրությանը անհայտ էր, թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզեր2» կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են» /Վիքիպեդիա/։  Այ քեզ բան, Քաջազնունին մերոնց մոտ ա թաղված եղել։ Ու գերեզմանոցն էլ էն հայտնին ա, Կոզեռնը, որը փաստորեն էնքան մեծ ա եղել, որ Կոնդից տարածվել ա մինչև ժամացույցի գործարանի և Կամոյի դպրոցի տարածք։ Հիմիկվա Բաղրամյան պողոտայի էդ հատվածի տեղում էն ժամանակ գուցե ընդհանրապես փողոց չի եղել։

Իսկ երեկ, էլի համացանցն էի քչփորում, հանկարծ դիմացս նորից անակնկալ տողեր դուրս եկան․ «․․․․- Դե, գնացինք,- ինձ տեսնելով՝ ասում է Սերոն, և մենք երեքով բարձրանում ենք ժամացույցի գործարան տանող վերելքը, այժմյան Ամերիկյան համալսարանի տարածքով և կանգ առնում նորատունկ պուրակի ծառերից մեկի տակ, ուր փոսի մեջ մի շիշ օղի և ուտելիք է դրված:
- Այստեղ է ,- ասում է Սերոն ու բացում օղու շիշը:
- Ի՞նչ տեղ է,- հարցնում եմ:
- Աղասի Խանջյանի գերեզմանն է3,- ասում է Սերոն․․․․․»
/«Ակամա երգիծաբաններ»/

ԷԷԷԷ, աշխարհ աշխարհ, Հայաստան աշխարհ։ Ինչ խառն ես դու։ Խառն ես եղել միշտ և խառն ես հիմա։ Զարմանալի չի, որ քո զավակների գերեզմանները կորում են։ Ասում են էն ծերուկ Նոյն էլ եկավ էս կողմերում մահացավ, և իրա գերեզմանն էլ չկա:

13հունիսի, 2020


-----

1 - Մարգարիտը Քաջազնունու աղջիկն էր

2 - Ես սկզբում կարծեցի «Կոզեր» գրելը պարզ վրիպակ ա, հետո փնտրեցի էդ անունը համացանցում և տեսա որ Կոզեռն-ի տեղ երբեմն «Կոզեր» ձևն են գործածում։

3 - Էն, որ Աղասի Խանջյանին Կոզեռնում են թաղել, հաստատ ա, բազմաթիվ հուշեր կան դրա մասին։ Բայց Կոզեռնը վերացումից հետո աճյունը տեղափոխել են Երևանի քաղաքային պանթեոն

4 - Սերոն Սերո Խանզադյանն ա, իսկ պատմողը՝ Մկրտիչ Սարգսյանը