ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ
Տեքստ գրված Խաղաղ օվկիանոսին մոտակա Վուդսայդի սարերում, Ջերասիի արտիստական կացատանը


ՆՈՐ ՏԱՐԻ*


առավոտը զարթնեցի
տեսա լիքը ձյուն ա էկել
ու մայիսի 1­ն ա
ու ես կարճթև հագած
ու փուչիկը ձեռքիս
իջնում եմ բաղրամյանով*
որ հասնեմ օպերա*
բայց էնքան մութ ա
ու էնքան պուճուր եմ
որ խրվել մնացել եմ
ձյուների մեջ


բաղրամյան - Բաղրամյանն էդ ինչ ա որ անընդհատ գրում ես դրա մասին, հարցրեց ինձ կալիֆորնիացի բարեկամս երբ որ փորձում էի իրա համար թարգմանել էս մի քանի տողը։ Բաղրամյանը փողոց ա Երևանում։ Բայց էս գրածս Բաղրամյանի մասին չի, մայիսի 1­ի մասին ա, իսկ մայիսի 1­ը... ոնց քեզ բացատրեմ... մայիսի 1­ը Սովետական Միության տոներից էր, իսկ Սովետական Միությունը մի հատ ուրիշ ժամանակ էր։ Ոնց որ Բեբելոնը։ Բաբելոնից մնացել են կարծեմ ավերակներ, իսկ Սովետական Միությունից մնացել են հիշողություններն իմ ներսում։

օպերա - Քեմալը օպերա շատ էր սիրում ու Անկարայում օպերայի բացվելը դրա հետ ա կապված։ Քեմալը մեկ էլ Մոցարտ էր շատ սիրում, դրա համար էլ թուրքական ռադիոյի ծրագրերը 30­ականներին ամեն առավոտ սկսվում էին մոցարտի մի քայլերգով... Անունը մոռացել եմ ու գիրքը մոտս չի որ նայեմ։ Ասում եմ գիրքը մոտս չի որովհետև ես Քեմալի, Օպերայի ու մոցարտի մասին էս ամեն ինչը մի հատ գրքում եմ կարդացել, կոչվում էր Թուրքիայի համառոտ ուղեցույց բայց լավ էլ մանրամասն գիրք էր ու մեջը ուրիշ լիքը հետաքրքիր պատմություններ կային£ Անցած ամառ որ Թուրքիայում էի էդ գիրքը ամեն օր ձեռքիս էր, հիմա մոտս չի... Բայց հազար ներողություն, ես էս ինչի հասա Անատոլիայի խորքերը, ես քեզ Երևանի Օպերայի մասին էի ուզում պատմեմ, ավելի ճիշտ ուզում էի քեզ բացատրեմ ինչի եթե մայիսի 1­ն ուրեմն ես իջնում եմ Օպերա։ Որովհետև ես մի հատ ալբոմ ունեմ՝ իմ մանկության նկարների ալբոմը, դրանում համարյա 2 նկարը մեկ մայիսի 1-­ն ա ու ես փուչիկը ձեռքիս կանգնած եմ Կարապի լճի մոտ կամ էլի ինչ որ տեղ Օպերայի շուրջը։ Ու էդ նկարներում եթե մայիսի 1-­ը չի ուրեմն Նոր տարի ա ու ես Լենինի հրապարակում եմ, տոնածառի մոտ։ Էդ նկարներում Վլադիմիր Իլյիչի արձանը դեռ կա, բայց չի էրևում, մենակ պատվանդանի ներքևի մասն ա նկարի մեջ։ →→

←←
Էս տեքստերը որ քեզ կարդում եմ մի հատ մեծ վեպի հատվածներն են, ու էդ վեպը կոչվում ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։ Ու չնայած ծովը, ավելի ճիշտ օվկիանոսը, էս պահին պատուհանիցս չի էրևում, մառախուղի տակ ա ու սենց շաբաթներ շարունակ կարող ա մառախուղի տակ էլ մնա քանի որ ես հյուսիսային Կալիֆորնիայում եմ ոչ թե հարավային, մեկ ա ես գիտեմ որ օվկիանոսի ափին եմ որովհետև մոտեցել տեսել եմ. ջուրը սառն ա ու իսկական։
Ես միշտ սիրել եմ ծովը ու շատ լավ գիտեմ թե ինչի։ Ծովը անհնարինի ներկայությունն ա ամեն օրվա մեջ։ Դրա համար էլ ես վաղ մանկությունից սկսած տարբեր ժամանակների տեքստեր եմ հավաքում ծովից ծով Հայաստանի մասին։ Քեզ համար կկարդամ դրանցից երկուսը։ Առաջինը կոչվում ա


ԵՐԵՔ ՑՈՒՆԱՄԻ


էն հեռավոր ժամանակը
երբ որ հայերի աչքերը
կապույտ էին
առաջին ցունամիից
առաջ էր
հայաստանը տարածվում էր
ատյանտյան օվկիանոսից
մինչև աղվանք
իսկ եղիշե սողոմոնյանը
դեռ չէր ծնվել


եղիշը հասցրեց ծնվել
ուշ
էն ժամանակ
երբ որ առաջին ցունամին
արդեն անցել էր
հայաստանի վրայով
դրա համար էլ ինքը
մեծացավ ռուսաստանի
կարս քաղաքում
մահացավ երկրորդ
ցունամիից
թաղվեց եղբայրական
գերեզմանոցում
ու իրանից մնաց
անտաշ քարով սարքած տունը
թուրքական հանրապետության
կարս քաղաքում


երրորդ ցունամիի հաջորդ օրը
ես գրիպով պառկած էի
հեռուստացույցս էլ միացած էր
CNN­ը ասեց
երկրի առանցքը
ոնց որ թե փոխվել ա
մի տասը տարուց
կարող ա գլոբալ
ջրհեղեղ լինի
ջրերը կբարձրանան
ու էդ ժամանակ
հայաստանը նորից կտարածվի
խաղաղ օվկիանոսից
մինչև ադրբեջանի
հանրապետություն


Չարենցի ներկայությունն էս տեքստի մեջ շատ հետաքրքիր ա: Ինքն ընդհանրապես ցամաքային բանաստեղծ ա, անատոլիական՝ կասեր իմ թուրք բարեկամը, բայց մեկ ա առանց իրա տեքստը բանի նման չէր լինի: Հաջորդ տեքստը որ ուզում եմ կարդամ գրված ա երեկ չէ առաջի օրը: Կոչվում ա ՍԿՈԼԿՈ ԼԵՏ ՍԿՈԼԿՈ ԶԻՄ


սան ֆրանցիսկո քաղաքի
սլավիկ չիլոյան սրճարանում
կաթով սուրճ էի խմում
մեկ էլ սուրճի բաժակը ձեռքին
կողքիս հայտնվեց
մեր դասարանի ներսեսը


սկոլկո լետ սկոլկո զիմ
ասեց
սովետի քանդվելոց հետո
իրար չենք տեսել
ոնց են գործերդ
որտեղ ես ապրում


էլի նույն տեղը
բուն հայքում
ասեցի
իսկ գործերս
եթե աչքով չտաս
վերջերս լավ են
դրա համար էլ որոշել եմ
առանձնատուն առնեմ
խաղաղօվկիանոսյան հայքի
նահանգներից մեկում


Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն: Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են: Ուզում եմ ասեմ պատահական չի որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքում: Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգած, երևի պատահականություն ա: Չնայած՝ ո՞վ գիտի:


/ Ամբողջ տեքստը կարող եք կարդալ իմ Հայաստանի ծովափին գրքում /

ՈՒ ՀԻՄԱ ԷՍ ՔԱՂԱՔՆ Ա ՓՌՎԱԾ ՔՈ ԱՌԱՋ


օրերը վազեցին ու անցան վազեցին ու անցան
ու հիմա էս քաղաքն ա փռված քո առաջ
էս քաղաքը որի մայթերին
հանգիստ շարած ա ամեն ինչ
ամեն ինչ որ դու շատ երկար շատ երկար
փնտրեցիր ու գտար
բայց գտնելուդ ճանապարհին
կորցրիր լիքը բան որ թանկ էր քո համար


ու հիմա դժվար ա հասկանալ
դու ուրախությունի՞ց ես լալիս
տեսքի՞ց էս շքեղ քաղաքի որ փռված ա քո առաջ
ու որի մայթերին հանգիստ շարած ա ամեն ինչ
ամեն ամեն ինչ որ դու շատ երկար
փնտրեցիր ու գտար
թե՞ տխրությունն ա քո սիրտը լցրել
էն բոլոր բաների համար
որ կորցրիր քո փնտրելու ու գտնելու ճանապարհին
էն բոլոր բաների որ թանկ էին քո համար

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԽԱՌԸ ՄՏՔԵՐ


Ամեն ինչ երեւի թե սկսվեց մի երկու ամիս առաջ, Վիեննայում գրածս էս ստատուսից` «փողը տվեցին, տունը տվեցին, Վիեննան տվեցին, ասեցին՝ վայելի: արդեն քիչ ա մնում հավատամ, որ կոմունիզմը հնարավոր ա »: Կատակ էր իհարկե, բայց ամեն կատակի մեջ ճշմարտության բաժին կա: Նրանց, որ դպրոցում չեն անցել, հիշացնեմ կամ ավելի ճիշտ բացատրեմ` կոմունիզմն էն հնարավոր հասարակարգն ա, որտեղ մարդիկ կաշխատեն ըստ ցանկության, իսկ իրանց կարիքները կբավարարվեն` ըստ պահանջի: Այսինքն, աշխատանքը փող աշխատելու միջոց չի լինի, այլ ինքնաարտահայտման միջոց: Ու Վիեննայում հենց տենց էլ կար` ինձ հրավիրել էին քաղաքի ճիշտ կենտրոնում գտնվող գրողական կացատուն (residence), վճարել էին երկու ամսվա մնալու համար լիուլի բավարար մի գումար ու ինձ թողել էին լրիվ ազատ. ես ահագին բանաստեղծություններ գրեցի Վիեննայում, բայց կարող էի նաեւ չգրել, իմ աշխատանքը պարտադիր չէր, ազատ էր լրիվ: Ընդ որում իմ հիմնական` բանաստեղծական աշխատանքը ազատ ու վարձատրումից անկախ ա եղել միշտ` իմ ամբողջ կյանքում: Իսկ այ կոմունիզմի երկրորդ պայմանը `որ պահանջմունքները նույնպես բավարարվեն ըստ ցանկության, առաջին անգամ Վիեննայում էր որ լիուբոլ գործեց, դրա համար էլ ես հիշեցի կոմունիզմի մասին։


Իհարկե, կոմունիզմի որոշ տարրեր, մասնավորապես գրողների համար, կային նաեւ Սովետական Հայաստանում, որտեղ անցել ա իմ պատանեկությունը: Բայց ես Սովետական Միությունը չէի սիրում: Սովետական Միությունը փակ շենք էր` արյան ու ստի վրա կառուցված: Իմ ժամանակ արդեն արյունը չէր հոսում, ներծծվել էր հողի մեջ ու դարձել պատմություն, բայց սուտը կար, սուտը ամեն տեղ էր, մենք համալսարանում գիտական կոմունիզմ էինք անցնում, ու մեր գիտական կոմունիզմի դասախոսը, հիշում եմ, մի անգամ ասեց (լսարանի առաջ ասեց, համակուրսեցիներս կհիշեն)` Մարինե, խոսելուս ժամանակ քո դեմքին նենց արտահայտություն ա, ոնց որ հեսա վազելու ես պատուհանից քեզ ցած գցես:


(շարունակությունը՝http://www.tert.am/am/news/2013/08/17/komunizm/1744378 )