Լուսանկարները՝ Սիլվա Տաքէսեանի











Թուրքական զուգահեռականներ


«Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան... կարծում էի` դե մեր մոտի հայերն են…»: «Մեր մոտի հայերը» Թուրքիայում մնացած հայերն էին: Իսկ ուրիշ հայը տվյալ պահին ես էի: Սեւեռուն` ինչքան որ թույլ էր տալիս թուրքական քաղաքավարությունը, Լաթիֆեի աչքերը նայում էին ինձ` շրջանակված ձայնի դեռ զրնգացող արձագանքով, գլխաշորի ոսկեգույն մետաքսով ու բնակարանի փափուկ հանդիսավորությամբ: 


Դեռ Վանը չէի տեսել: Դեռ Սվազի հայկական թաղամասը չէինք փնտրել: Աթաթուրքի դամբարան հաջորդ օրն էինք գնալու... «Գնում եք որ ի՞նչ տեսնեք` իրա խմած գինու շշե՞րը».. Դեռ ճամփորդության առաջին օրերն էին, ու առաջին օրերի ամենամեծ անակնկալը` Լաթիֆեի ոսկեգույն գլխաշորը` որպես թուրքական այլախոհության առանցքային ժեստ: 

Պարադոքս ա` իսլամամետ կուսակցությունը իշխանության գլուխ լինելով, իսլամականներն իրանց դեռ ընդդիմություն են զգում։ Ընդդիմություն` կապուտաչյա Մուստաֆային, որ հեռավոր 38 թվականին մահացավ լյարդի ցիրոզից: Բայց ոնց որ թե` էնքան էլ մահացած չի: 

«Բանակում ամեն օր ներկա­բացակա անելիս կարդում են իրա անունը. Հաքան: Ներկա: Զեքի: Ներկա: Յունուս: Ներկա: ... Մուստաֆա Քեմալ: Ներկա`(բոլորը միասին)»: Էս Աբդուլան էր պատմո՞ւմ, թե Թահիրը: Երեւի Աբդուլան, Թահիրն ընդհանրապես ավելի շատ տխուր լռում էր: Որ հարց տայիր, խոսում էր խաղաղ, դանդաղ, ստուգելով ու ճշգրտելով արտասանած բառերն ու մտքերը, հետո մեկ էլ կեսից լռում էր: Սկզբում կարծում էի` անգլերեն բառերն էին քչություն անում, դրա համար էր լռում, հետո հասկացա, որ էդ լռությունը նշանակում էր` է՜՜, այսինքն թե, իրա սիրած բառով`«ուշ ա»: 

Թահիրին իրա գյուղի մասին հարցրի, ասեց` «Աղքատ գյուղ ա»: Աբդուլան զարմացավ` «Ձեր գյուղը կարգին հարուստ գյուղ ա, էդ ինչի՞ հանկարծ աղքատ դարձավ»: «Աղքատ ա, Ամերիկայից որ գալիս ես` տեսնում ես:  (է՜՜ )»: 

Թահիրը թուրք գրականության դասախոս էր: Նահանգների համալսարաններից մեկում ուսումը շարունակելուց հետո վերադարձել` տեսել էր իրա երկիրը ինչ­որ սխալ ա սարքած: «Մեզ Եվրամիություն կթողնե՞ն որ: Երբեք չեն թողնի: Բա որ չէին թողնելու, բա որ տեղ չէինք հասնելու` ինչի՞ մեզ էս ճամփան հանեց: Ճանապարհին էլ` էնքան բան ջարդեց ու փշրեց, որ արդեն հետ դառնալ չի լինի: Ուշ ա»: 

Եթե էդ օրը կարողանայինք Վանի տոմս առնել, երեւի «ջարդող­փշրողի» դամբարան գնալու ժամանակ չմնար: Տարօրինակ ա, չէ՞, բոլորս էլ վաղուց գիտենք որ կյանքը հենց պատահեց` դառնում ա պատմություն, իսկ պատմությունը «եթե» չի հանդուրժում, բայց գիտենալով հանդերձ` առավոտից իրիկուն խոսում ենք եթեներով: Թվում էր` գոնե թանգարանները պետք ա եղածի մասին պատմեին, ոչ թե եթեների, բայց հենց Աթաթուրքի դամբարան­թանգարանում էր, որ ինձ պատահեց, ուզում եմ ասել` ոչ թե գլխումս ծագեց, այլ աչքերիս առաջ առարկայացավ, ամենաանսպասելի եթեն: Երբ որ թանգարանի առաջին հատվածից, հետեւելով միջանցքի հատակին խնամքով գծված սլաքներին, հայտնվեցի երկրորդ հատվածում` թնդանոթները կրակում էին, արկերը պայթում էին, նվագախումբը նվագում էր, զինվորները երգը շուրթերին մեռնում էին, ու էդ ամեն ինչը` ձախ պատի հսկա երկայնքով փորված փոսում, այնինչ աջ կողմի պատի վրա... ոճով` վավերական­ռեալիստական, չափերով ու բովանդակությամբ` ֆանտաստիկ մի քարտեզ էր, որի վրա Թուրքիան չկար, ավելի ճիշտ կար, բայց էնքան փոքր էր, որ անճանաչելի էր, ու Հայաստանը նույնչափ, բայց հակառակ իմաստով անճանաչելի էր, եւ Հայաստանն ու Թուրքիան փաստորեն նույնքաշային հարեւաններ էին: Ու Սվազը փաստորեն համարյա սահմանային քաղաք էր: 

Թանգարանի նախորդ հատվածը սկսվել էր Զուբեյդե խանումի փոքրիկ նկարով, էս մեկը բացվում էր Սեւվրի դաշնագրի հսկայական քարտեզով: Ասել կուզի Սեւրով, ավելի ճիշտ ընդդեմ Սեւրի սկսվում էր Մուստաֆայի երկրորդ ծնունդը. Զուբեյդե խանումից ու Ալի Ռիզայից ծնվածը պատերազմի բոցերի միջով փոխակերպվում էր Աթաթուրքի` բոլոր զուբեյդեխանումների եւ ալիռիզաների հոր: Իսկ նման դեպքերում, այսինքն էն դեպքերում, երբ մարդը որոշում ա դառնալ իրա ծնողների ծնողը, կողմերի փոխհարաբերությունները սովորաբար բավական բարդ են ստացվում: Ուզում եմ ասել` Աթաթուրքի եւ թուրք ժողովրդի փոխհարաբերությունները եթե բնորոշենք որպես սիրավեպ, պետք ա խոստովանենք որ գործ ունենք բնավ ոչ արեւելյան մի սիրավեպի հետ, ուր սիրո եւ ատելության սահմանները լավ չեն տարբերակվում: 

Քանի դեռ պատերազմ էր, հարաբերությունները քիչ թե շատ պարզ էին կարծես` Մուստաֆան գնում էր առջեւից, թուրք ժողովուրդը` հետեւից. տղամարդիկ կռվում էին, կանայք զինամթերք էին հասցնում ռազմաճակատ: «Սերիֆե բաջին Կաստամոնուից, որ ցրտահարվեց ու մահացավ` երբ որ Ինեբոլուից սայլով զինամթերք էր տեղափոխում Անկարա»: Լուսանկարը փոքր էր ու խունացած, Սերիֆե բաջիի դեմքը չէր երեւում: Չգիտեմ` ինչքան էին վավերական ու ինչքան էին բազմաքանակ սերիֆեբաջիները, բայց թուրք տղամարդիկ Մուստաֆայի հետ միասին երեւի թե կռվում էին, թե չէ մենակ Վլադիմիր Իլյիչի ուղարկած ոսկիների զորությամբ դժվար թե հնարավոր լիներ ռեւանշ վերցնել բոլոր երեք ճակատներում` ընդդեմ հայերի, հույների ու ֆրանսիացիների, Սեւրի դաշնագիրը վերածելով թղթի կտորի:

Հետո պատերազմը վերջացավ, սկսվեց բուն հեղափոխությունը: Հանուն հանրապետության: «Թուրք ազգի բնավորությանն ու ավանդույթներին ամենից համապատասխան կառավարման համակարգը հանրապետությունն է»/ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք: Ինչը պահանջվում էր ապացուցել: Որ անցա մեջբերումների, երկրորդն էլ բերեմ.«Պատմությունը գրելը նույնքան կարեւոր է, որքան պատմությունը կերտելը: Եթե գրվածն ու արվածը իրար չեն համապատասխանում, ճշմարտությունը կարող է ձեռք բերել մարդկությանը շփոթեցնող երանգներ»/Մ.Ք.Աթաթուրք: Շփոթմունքից խուսափելու պարզ մի եղանակ կա` քաջ հայտնի բոլոր հեղափոխականներին. պատմությունը նախօրոք ես գրում: Ավելի ճշգրիտ ասած` պատմությունը նախ հայտարարում ես, հետո հայտարարածդ սարքում­ապացուցում (կերտում): Սարքել կարողանալու համար` պետք ա էներգիան բավարարի: Սարքել ցանկացողների էներգիան:
Բայց ես մի քիչ շեղվեցի:

Հաջողվե՞ց Քեմալի հեղափոխությունը: Ոնց որ թե` հաջողվեց, եւ հանրապետությունն էսօր Թուրքայում կարծես թե արդեն հայտարարություն չի, այլ իրողություն: Ամեն դեպքում` ընտրություններն էս երկրում վաղուց արդեն ձեւականություն չեն. հենց ընտրություններում հաղթելով էր, որ իսլամամետները եկան իշխանության` հակառակ աշխարհիկացման քեմալյան ուղեգիծը պաշտպանող բանակի կամքին: Բայց էս վերջին հանգամանքի մեջ, ոնց որ հասկանում եք, զավեշտ կա եւ ծուղակ. եթե բանակի կամքը վաղը բոլորովին դադարի որոշիչ դեր խաղալ ներթուրքական քաղաքական գործընթացներում (ոնց որ վայել ա իսկական հանրապետությանը), շատ հավանական ա իսլամականները, օգտագործելով ժողովրդավարական գործուն մեխանիզմները, խաչ քաշեն, ավելի ճիշտ` կիսալուսին քաշեն թուրքական հանրապետության վրա` վերականգնելով Քեմալի լուծարած խալիֆաթը:

Եթե գծագրածս տարբերակի մեջ մռայլ չափազանցություն տեսաք, ասեմ որ դրա հեղինակը ես չեմ, Մեթինն ա:

Ուրֆայի սարսափելի շոգը իրիկվա կողմ հազիվ մի քիչ մեղմացել էր, սրճարանում նստած թեյ էինք խմում, Մեթինը պատմում էր. «Չգիտեմ ինչքան կդիմանանամ էս քաղաքում, ես իրանց նման չեմ` օտար եմ, պարզ զգացնել են տալիս, որ օտար եմ, ամեն րոպե են զգացնել տալիս, պատկերացրեք` առեւտուր անելիս ինձ ասում են` չէ, ուզածդ չկա, թեեւ ես գիտեմ որ` կա: Աղջիկս էլ բակում էրեխեքի հետ չի կարողանում խաղալ, սովոր չի` շատ են կոպիտ»: Մեթինի հայրը թուրքական բանակի սպա էր եղել: Ինքը ճարտարապետ էր, հանգամանքների բերումով աշխատանքի էր ուղարկվել Ուրֆա` հենց էն քաղաքը, որ դարձել ա արմատական իսլամականության կենտրոնը Թուրքիայում:

Ուրֆայում էդ օրը առավոտից մեզ Աբդուլան էր ուղեկցում: Պարզվեց` ժողովրդական ավանդությունը Ուրֆան նույնացնում ա Աբրահամի ծննդավայր Ուրի հետ: Երեւի որովհետեւ Աբրահամին հարգում են համաշխարհային կրոններից առնվազն երեքը, նրա ծննդյան քարայրի վրա նախ սինագոգ էր եղել, հետո սինագոգը, առանց քանդվելու, վերափոխվել էր եկեղեցու, վերջում եկեղեցին, նորից առանց քանդվելու, վերափոխվել էր մզկիթի: Իսկ մզկիթի կողքին Բալըքլը լճակն էր` ծայրեծայր լցված սուրբ ձկներով եւ շրջապատված բազմաքանակ մահմեդական բազմությամբ` ակնհայտորեն ոչ միայն Թուրքիայի, այլեւ աշխարհի տարբեր ծագերից: Ու էդ դիտարժան բազմության մեջ ամենից դիտարժանը սպիտակաթիկնոց քրդական շեյխերն էին` իրանց զառ-գունավոր կանանց հետ, որոնց կրկնօրինակը ես դարակզբի հայկական ֆիլմերում էի տեսել, բայց բնօրինակն ավելի էր կինո:

Իսկ ձկները սուրբ էին, որովհետեւ երբ որ «գոռոզ ու ամբարիշտ բռնակալ Նեմրութը» միաստվածություն քարոզող Աբրահամին բերդից շպրտել էր ներքեւ, Աստված Աբրահամին փրկելու համար ներքեւում լիճ էր գոյացրել, քարերը ձկների էին փոխվել, ու հիմա սրանք էդ ձկներն էին, կամ ավելի ճիշտ` էդ ձկների սերունդները: Բերդ տանող երկու ճանապարհ կա` լույս եւ մութ, մենք ընտրեցինք մութը, դռանը նստած պահակին ամեն մեկս միլիոնական լիրա տվեցինք ու մտանք Նեմրութի կառուցած ստորգետնյա գաղտնուղին: Մտանք ու համարյա փոշմանեցինք, որովհետեւ անցուղու ամեն հսկա աստիճանը հաղթահարելու համար տիտանական ջանքեր էին պահանջվում: «Էս Նեմրութ կոչվածը սադո-մազոխիստ ա էղե՞լ, թե տիտան», իբր թե կատակեցի ես ու հաջորդ վայրկյանին հիշեցի որ` ախր էս Նեմրութ-Նեմրուդ-Նեբրովթը, Խորենացին մեռավ բացատրելով, մեր հին ծանոթ Բելն էր, որին Հայկը սպանեց, իսկ Հայկն ու Բելն ախր հսկաների գոռոզ ցեղից էին, էնքան գոռոզացան, որոշեցին Բաբելոնի աշտարակը սարքեն, բայց Աստված ջղայնացավ ու քանդեց:  Բայց ես նորից շեղվեցի:
Երբ որ բերդից իջել ու շունչ քաշելու համար թեյ էինք խմում, Աբդուլան մեկ էլ ասեց` «Ուրֆայում Հոբի քարայրն էլ կա, կարող ենք գնալ նայել»:  «Հոբի՞,- ականջներիս չհավատացի ես,- էն որ Աստծո դեմ ուզում էր դատ բացե՞լ»: «Չէ,- ջղայնացավ Աբդուլան,- էն որ Աստծուն մինչեւ վերջ հնազանդ մնաց»: Գնացինք նայելու: Հոբի քարայրը ստորգետնյա մի փոս էր` լցված ջերմեռանդ կանանցով, որոնց մի մասը քարերն էր գետնատարած համբուրում: «Էս ինչ որ անում են` սխալ ա», տխրեց Աբդուլան` հավատարիմ մնալով իսլամական կանոնների անձնուրաց պաշտպանի իր կոչմանը, հակառակ որ դրա պատճառով ամեն քայլափոխի վշտանում էր: Առավոտյան, Ուրֆա գալու ճանապարհին, Իլքերի հոր գյուղական տունն էինք այցելել, եւ Աբդուլան նորից տխրել էր` տեսնելով «չար աչքի դեմ կապույտ հուլունք» թալիսմանները, որոնք նախաիսլամական էին, այսինքն թե` «ՙսխալ»: Ավաղ, էդ օրը Աբդուլայի համար թարս օր էր, եւ ճակատագիրն ամենադառնահամ հաբը իրիկվան էր պահել. Հոբի քարայրից որ դուրս եկանք` արդեն օրը կիսվել էր, զանգեցինք Մեթինին, համոզվեցինք որ տունն ա ու մեզ ա ա սպասում, գնացինք տունը գտանք, զանգը տվեցինք, ներս մտանք ու... պարզվեց «էլիտիստի» տանն ենք հայտնվել:
Նախորդ օրը Աբդուլայի հետ թուրքական ֆուտբոլից ու քաղաքականությունից էինք խոսում, ասել էր` «մեր քաղաքական դաշտում երկու հիմնական թիմ կա` պահպանողականներ ու էլիտիստներ, մնացածը, եթե նույնիսկ բոլորով իրար գլխի հավաքվեն, գոլ խփելու ընդունակ չեն»: Մինչեւ Մեթինի դռան զանգը տալը, Թուրքիայում մեր բոլոր հյուրընկալները` Թահիրը, Աբդուլան, Իլքերը, պահպանողականներ էին եղել, ու ես սովորել էի ոչ միայն նրանց կանանց գլխաշորերին, այլեւ բնակարանների դեկորատիվ հանդիսավորությանը, դրա համար էլ Մեթինի տունը ոչ միայն Աբդուլային անակնկալի բերեց, այլեւ ինձ. դեկորատիվ առարկաների բացակայությունն ու իրերի պարզ գործառականությունն էնքան ակնհայտ էր էդ տանը, որ բնակարանը դառնում էր պրագմատիզմի մանիֆեստ: Դրա համար էլ, թեեւ հզոր օդափոխիչը դրսի սոսկալի շոգից հետք անգամ չէր թողնում, Աբդուլան շտապեց լքել զովության էդ «էլիտար» օազիսը, իսկ ես հիշեցի Աթաթուրքի թանգարանի նույնքան զով սրահներն ու ոնց որ թե վերջապես գտա Քեմալի հեղափոխության բնորոշումը, որ էդ թանգարանում լինելուց հետո օրեր շարունակ փնտրում էի` ազգային-պրագմատիկ հեղափոխություն:

Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքների պարտադիր ատրիբուտ` Քեմալի զավեշտական արձանները` «ձեռքը դեպի ապագան պարզած» կամ «ժողովրդի հետ», էնքան են հիշացնում լենինստալինյան հանգուցյալ մոնումենտները, որ ակամա սկսում ես երկու հեղափոխությունները համեմատել: Ու համեմատելով, տեսնում ես որ նմանությունները մակերեսային են, տարբերությունները` առանցքային: Լենինի իդեա-ֆիքսը սոցիալական էր, Քեմալինը` ազգային: Լենինի հեղափոխությունը ռոմանտիկ-ուտոպիստական էր, Քեմալինը` պրագմատիկ, Վլադիմիր Իլյիչը կասեր` օպորտունիստական:

Լենինը մի բան էր որոշել կառուցել, որ աշխարհում դեռ չկար ու երբեք չէր եղել, այնինչ Քեմալի կառուցածն ընդամենը ազգային պետություն էր, իսկ նման շինարարության համար պատրաստի կոնստրուկցիաների պակաս շուրջբոլորը չկար, աշխարհում ինչն էր շատ` ազգային պետությունները: Թուրքական Հանրապետությունն իր քաղաքացիական օրենսգիրքը փոխ առավ Շվեյցարիայից, քրեական օրենսգիրքը` Իտալիայից, գործարար կյանքին վերաբերող օրենքները` Գերմանիայից: Բայց որպեսզի նորը սկսեր գործել, պետք էր հինը դեն շպրտել: Ու Քեմալը որոշեց դեն շպրտել իսլամը:

Հակաիսլամական ուղղակի կոչեր կամ աթեիստական մանիֆեստներ Քեմալը կարծես թե չի արձակել, բայց գործողությունները հաճախ ավելի խոսուն են, քան ցանկացած մանիֆեստ. լուծարվեց խալիֆաթը, որ իսլամի քաղաքական իշխանությունն էր խորհրդանշում, վերացվեցին իսլամական դատարաններն ու դպրոցները, թուլատրվեց ալկոհոլի ազատ վաճառքը, կանանց արգելվեց գլխաշոր կապել, տղամարդկանց՝ ֆես դնել (ի դեպ, ֆեսի ձեւը հատուկ հարմարեցված ա դրանով նամազ անելուն՝ որ ճակատը բաց մնա եւ աղոթելիս գետնին կպնի)։ Էս ամեն ինչից հետո իզուր չի, որ իսլամականները Թուրքական Հանրապետության հիմնադրի արածը բնութագրում են որպես «ջիհադ ընդդեմ իսլամի»։

Քեմալը Եվրոպայում էր ծնվել, բայց նրա ծննդավայր Սալոնիկը Թուրքական Հանրապետության սահմաններից դուրս մնաց, ինչպես որ Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը։ Ոչինչ, էլ ինչ հեղափոխական, եթե պատմությանը հաղթել չկարողանար. եթե արդեն հնարավոր չէր փոխել երկրի սահմանները, պետք էր ուրեմն փոխել Եվրոպայի սահմանները, ու Քեմալը որոշել էր Անատոլիան դարձնել եվրոպական տարածք։ Իսլամը խանգարում էր։

(Ամբողջ էսսեն կարող եք կարդալ Հետք կայքում՝ ստեղ, ստեղ, ստեղ եւ ստեղ)