Ա․

Փետրվարն ա, ձյուն ա գալիս,
հասնում ասֆալտին, դառնում ա ցեխ,
մայթի վրա, ցեխի մեջ նստած ա մի տատիկ
և վաճառում ա դեղին ու կարմիր խնձորներ։

Խնձորները էժան են,
եթե դեղինն էլ կարմիրն էլ տատիկն էսօր ծախի,
երեք հազար դրամ երևի չանի,
ինչքան պետք ա փող չունենաս,
որ դրա համար նստես մայթին, ցեխերի մեջ։
Իսկ տատիկը էս մայթին ա արդեն տարիներ։

Փետրվարն ավարտվում ա,
շուտով մարտն էլ կգա ու կանցնի,
ապրիլին Սահմանադրականի հանրաքվեն ա,
տատիկը կգնա ու կասի՝ Այո,
Նիկոլն ուզում ա Հայաստանը մաքրի թալանչիներից,
էն սրիկաներից որոնց պատճառով տատիկը,
արդեն քանիի տարի,
ցրտին ու շոգին մայթին նստած վաճառում ա խնձոր,
Նիկոլն ուզում ա թալանչիներին բանտ կոխի,
որ տատիկը էլ չնստի մայթին,
բայց սրիկաները դիմադրում են,
սրիկաները փախել պախկվել են Սահմանադրականի շենքում,
տատիկը կգնա հանրաքվե կասի Այո որ սրիկաները շենքից դուրս գան,
ու Նիկոլին չխանգարեն,
տատիկը կասի Այո
և իրան երջանիկ կզգա։

Տատիկը իրական ա,
ինքը նստած ա մայթին և վաճառում ա դեղին ու կարմիր խնձորներ,
ինքը ժողովուրդն ա։

Բ․

Բայց հանրաքվեում մենակ ձյունի տակ խնձոր ծախող
Սիրանուշ տատիկը չի որ Այո ա ասելու,
hանրաքվեում Այո ա ասելու նաև իմ ծանոթներից Սարգիսը,
Սաքոն բիզնեսմեն ա,
ամենախոշորներից չի, բայց ամենափոքրերից էլ չի,
Սաքոն ահագին հարուստ ա, լավ առանձնատուն ունի, լավ մեքենաներ,
իրա ընտանիքի անդամները ձյունի տակ խնձոր ծախելու կարիք
երբեք չեն ունեցել և չեն ունենա։

Սաքոն շատ ջահել չի,
ինքը Լևոնին հիշում ա,
ինքը դեռ կոմունիստների ժամանակներն ա հիշում,
երբ որ պահեստապետ էր ու վատ չէր ապրում
—հետո Լևոնը եկավ ու ամեն ինչ քանդեց—
ու չնայած Լևոնը ամեն ինչ քանդեց,
բայց մեկ ա, Սաքոն աշխատող մարդ ա,
ինքը աշխատեց ու նոր բիզնես դրեց,
ամենախոշորներից չի, բայց ամենափոքրերից էլ չի,
ու կարծես շատ դժգոհ չէր Սաքոն մինչև վերջերս,
ամեն դեպքում, երբ որ Ռոբերտն ու Սերժն էին նախագահ,
ես չեմ հիշում իրան շատ դժգոհելիս,
եթե դժգոհում էլ էր, հիմնականում Լևոնին էր հիշում ու դժգոհում
—պատկերացնո՞ւմ ես, ուզում ա հետ գա—
ու երբ որ Նիկոլը Լևոնի հետ էր, Սաքոն Նիկոլին չեմ հիշում որ սիրեր։

Իսկ հիմա Սաքոն Նիկոլին սիրում ա,
Նիկոլը եկել ա որ արդարությունը վերականգնի,
Սաքոն իրան անարդարության զոհ ա զգում,
ովքե՞ր են էսօրվա ամենահարուստները,
նրանք որ ամենալավ բիզնեսմեննե՞րն են
—ինձ մի ծիծաղացրու—
իրանք ուղղակի արտոնություններ են ունեցել
—դե կարո՞ղ ա ես պետք ա բացատրեմ, դու չգիտե՞ս—
կռիշ են ունեցել,
կամ էլ ավելի վատ բաներ են արել, ոնց որ Նեմեցը
—թե չէ կարո՞ղ ա Նեմեցը աշխատելով ա հարստացել,
մի ծիծաղացրու—։

Սաքոն հիմա էլ քաղաքականությամբ շատ չի հետաքրքրվում,
էս հանրաքվեն ինչ ա ոնց ա՝ մանրամասները չգիտի,
բայց եթե Նիկոլը ասում ա պետք ա ուրեմն պետք ա,
ինքը կգնա ու Այո կասի,
որ նեմեցռուբոներին մի քիչ ավելի արագ տեղը դնեն։


Գ․

Հանրաքվեում Այո ա ասելու նաև իմ ընկեր Աշոտը,
որտեղ պայքար կա Աշոտը մեջն ա,
առանց պայքարի Աշոտը դառնում ա տխուր,
դրա համար էլ ինքը հանրաքվեով ոգևորվել ա,
ասում ա—հեղափոխությունը վերջերս տեղում դոփում էր,
լավ ա որ վերջապես նորից շարժվեցինք տեղից,
պայքար պայքար մինչև վերջ—
ու ժպտում ա։

Ասում եմ—Աշոտ, իսկ եթե վերջը ավելի վատ լինի քան սկի՞զբը,
դու չես տեսնո՞ւմ՝ մեկ մարդու ձեռքում ա կենտրոնանում ամբողջ իշխանությունը,
դա վատ բան ա,
պատմությունը հստակ ցույց ա տվել ինչքան ա դա վտանգավոր,
դու չես տեսնո՞ւմ որ ժողովուրդը գործածվում ա որպես մահակ,
դա քեզ ոչ մի բան չի հիշացնո՞ւմ,
Ռոբեսպիերին եթե մոռացել ես գոնե բոլշևիկյան հեղափոխությունը հո հիշո՞ւմ ես։

ԷԷԷԷ, Մարինե—ասում ա Աշոտը—
ինչո՞ւ ես ընկել հոռետեսության խորխորատները,
մենք էսքան տարի գալիս էինք գալիք էինք գալիս էինք,
վերջապես հասնում ենք մեր նպատակին,
և հիմա դու ինձ ասում ես—բա որ վա՞տ լինի,
Մարինե, ինչո՞ւ ես ուզում ուրախությունս փչացնես,
ախր ժամանակին դու էլ ահագին ուրախ մարդ էիր,
հիշո՞ւմ ես «Հայկական ժամանակում» ինչ հավես բաներ էիր գրում,
հիշո՞ւմ ես Լևոնի վրա ոնց էիր ջղայնացել որ մինչև վերջ չգնաց,
որ կեսից կանգնեց ու հետ դարձավ,
բա հիմա Նիկոլը հենց քո էն ժամանակվա ուզածն ա անում,
մինչև վերջ գնում ա,
իսկ դու փոխանակ ուրախանաս տխրել ես։

Աշոտի հետ մեր զրուցից հետո ես մտքերի մեջ ընկա,
լավ ա «Հայկական ժամանակի» գրածներս մի գրքով հավաքված կան,
գնացի տուն, մնացած բոլոր գործերս թողեցի մի կողմ,
«Կարմիր աֆիշը» վերցրի ու սկսեցի կարդալ,
կարդացի, կարդացի, կարդացի,
երկու օր կարդում էի,
ու էնքան բաներ հիշեցի՝
թե ոնց սկզբում Հայկական նախագիծս գրվեց,
հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ինձ իրա թերթում գրել,
հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց,
հետո ժողովուրդը հայտնվեց,
հետո ավազակապետությունը ․․․

Վաղը մարտի մեկն ա,
վաղը չեմ կարողանա գրել,
մյուս օրը կգրեմ էս ամեն ինչի մասին,
որովհետև էն ինչ կատարվում ա էսօր,
էդ օրերից ա գալիս,
մեր միասին ապրած օրերից․․․



/փակագծերում/

երեկվանից իմ «Կարմիր աֆիշն» եմ կարդում։ Գիրքը, որի մեջ «Հայկական ժամանակի» և հաջորդ երկու տարվա հոդվածներս են։ Դժվար ընթերցանություն ա։ Թանկ հուշեր կան։ Բայց նաև բաներ կան, որ ծանր մտածումների են հանգեցնում։ Էսօրվա հետ կապված։ Կարդամ վերջացնեմ, ավելի կոնկրետ կգրեմ դրա մասին


/փակագծերում/

Եղիշը երեկ զանգեց։ 

—Էս ինչի՞ ես լուռ։ Ասել էիր՝ Կարմիր աֆիշի մասին կգրես։ Բայց չես գրում։
—Հա, կարդացի, մտքերի մեջ ընկա։ Հարցեր առաջացան։ Որոշ բաներ մոռացել էի, ուզեցի հիշեմ, օրագրերս կարդացի։ Հետո Լևոնի հանրահավաքային ելույթները կարդացի․․․ Կգրեմ շուտով, մի քիչ համբերի


/փակագծերում/


Ես վատ եմ զգում ինձ։ Չեմ հիշում՝ մեկ էլ երբ ա եղել որ սենց վատ զգամ։ Թվում էր՝ պատը վերջապես փուլ ա եկել, էսքան փորձում էինք, փորձում էինք, փորձում էինք, վերջապես հաջողվեց, վերջապես փուլ ենք տվել պատը, ճանապարհը բաց ա հիմա։ Բաց ա ճանապարհը, մնում ա քայլենք, գնանք առաջ․․․ Բաց ա ճանապարհը, քայլում ես, գնում ես առաջ ու հանկարծ․․․ սիրտդ քիչ ա մնում կանգնի։ Նորից պատ ա դիմացդ։ Էս անգամ ուրիշ պատ ա։ Բայց պատ ա։ Հսկա պատ։ Իսկ ամենասարսափելին էն ա, որ էս պատը դու ես սարքել։ Նաև դու։ Ամեն դեպքում՝ մատդ խառն ա։ Ու դրանից սիրտդ քիչ ա մնում կանգնի։ Մեղավորության գիտակցումից։ Եվ վտանգի գիտակցումից։

Դ․

Հիշեցի,
ու հիմա ուզում եմ ձեզ էլ պատմել
թե ոնց էդ ամեն ինչը եղավ,
ուզում եմ մի քիչ մանրամասն պատմել,
որովհետև շատ բան կա էդ պատահածի մեջ
որ օգնում ա հասկանալ մեր էսօրը,
օգնում ա հասկանալ մեր էսօրվա իրականության
ամենավտանգավոր կողմերը։

2006 թվին,
նոյեմբերն էր արդեն,
լույս տեսավ իմ երրորդ գիրքը՝
«Հայաստանի ծովափին»,
լավ վերնագիր ա չէ՞,
էդ վերնագրի մեջ նոր Հայաստանի իմ կոնցեպտը կա՝
ծովային,
նոր Հայաստան։

Գրքիս շնորհանդեսը Թումանյանի տուն թանգարանում արեցի,
ահագին մարդ էի հրավիրել՝
ոչ միայն գրական,
այլ նաև հանրային ու քաղաքական դաշտից,
որովհետև քաղաքական տեքստ պետք ա կարդայի՝
«Հայկական նախագիծ»,
նոր Հայաստան կառուցելու իմ ծրագիրն էր,
որ գրքիս վերնագրի հետ էր կապվում։

«Հայկական նախագիծը» կարդացի,
հետո բաժանեցի ներկաներին,
և հաջորդ մի քանի ամիսը զբաղված էի հանդիպումներով,
նոր ծանոթություններով,
քննարկումներով։

Նոր ծանոթներիս մեջ ահագին մարդիկ կային,
որ ներկա Հանրապետության ակունքներում էին եղել,
լիքը հետաքրքիր բաներ էին պատմում
թե ոնց էդ ամեն ինչը եղավ։

Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հայկական ժամանակում»
երկու մասանոց հսկա հոդված գրեց իմ «Հայկական նախագծի» մասին,
ես էլ պատասխան գրեցի,
տարա խմբագրություն,
հենց էդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ինձ առաջարկեց,
որ թերթում մշտական սյունակ ունենամ,
ուրախությամբ համաձայնեցի,
և 2007 թվի հունվարից սկսած իմ տեքստերը
ամեն երեքշաբթի
հայտնվում էին Հայկական ժամանակում,
էն ժամանակ թերթերը առցանց չկային,
կրպակից էին առնում կարդում,
ու ես շատ անգամներ եմ տեսել ընթերցողիս՝
հանրային ամենատարբեր վայրերում
«Հայկական ժամանակը» հենց իմ էջի վրա բացած կարդալիս։
Բայց եթե ֆիզիկապես էլ չտեսնեի,
գիտեի որ կարդում են,
արձագանքները շատ էին
և ամենատարբեր ճանապարհներով էին ինձ հասնում։

Իսկ մի քանի ամիս հետո,
հունիսն էր կարծեմ արդեն,
լուրեր եկան թե Լևոն Տեր-Պետրոսյանը
Հայաստանի տարբեր քաղաքներում հանդիպումների ա գնում,
հնարավոր ա՝ առաջիկա ընտրություններում
առաջադրվի որպես նախագահության թեկնածու։

Ավելի ուշ սեպտեմբերի 21-ի ընդունելությունը եղավ
Մարիոթ հյուրանոցում,
տաս տարվա լռությունից հետո Լևոնը խոսեց,
և պարզ դարձավ որ՝ այո,
Հայաստանի առաջին նախագահը վերադառնում ա քաղաքականություն։

Եվ ես,
«Հայկական ժամանակի» իմ տեքստերում,
ողջունեցի Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը։

Եվ հիմա,
էսօր՝
2020 թվի գարնանը,
ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ
ես պաշտպանեցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը,
երբ որ ինձ քաջ հայտնի իրա գաղափարների
և իմ «Հայկական նախագծի» միջև
ակնհայտ հակասություն կար։

/շարունակելի/