Անդունդ կա էն Հայաստանի միջև, որ կարող ա լինել, ու էն Հայաստանի միջև, որ կա։ 


Էն Հայաստանը, որ կա, մեր սխալների հետևանքն ա։

Մեր ամենամեծ սխալը՝ մենք միամտությունն ունեինք հավատալու, թե բավական ա քանդենք սովետական կառույցը՝ կվերադառնանք բնականոն վիճակի։

Մենք ոչ թե բնականոն վիճակի վերադարձանք, այլ հայտնվեցինք վակուումի մեջ։

Որովհետև պետությունն ու հասարակությունը «բնական»՝ բնության պրոդուկտ չեն, դրանք մարդկային մտքի արդյունք են։

Միացյալ Նահանգները կանգնած ա ամերիկյան նախագծի վրա, Ֆրանսիական Հանրապետությունը կանգնած ա ֆրանսիական հեղափոխության՝ մի քանի փորձից հաջողված նախագծի վրա։

Սրանք երկուսն էլ, թեև հաջողված, բայց արդեն բավականին «ծերուկ» նախագծեր են, ամեն դեպքում անցած տարիների փորձը ցույց տվեց՝ դրանք մեխանիկորեն Հայաստան տեղափոխելու փորձերը ձախողվում են։

Մեզ պետք ա հայկական նախագիծ։

ՄԵզ պետք ա նախագիծ, որի միջոցով ամեն մեկս առանձին ու բոլորս միասին կարողանանք ռեալիզացնել մեզ։

Ամեն հայի մեջ դարերով նստվածք տված անբավարարվածության զգացումը մի էներգիա ա, որ ընդհանուր նպատակակետ գտնելու և էդ նպատակակետի շուրջ հավաքվելու դեպքում կարող ա սարեր շարժել։

88-ին էդ ընդհատակյա էներգիան էր, որ դուրս եկավ մակերես, մի քանի տարի պտտեց մեր ոգևորության ջրաղացը, հետո էլի խռովեց ու անցավ ընդհատակ։

Իսկ գուցե պատճառը ջրաղա՞ցն էր, քանի՞ տարի կարելի ա ոգևորությամբ ջրաղաց պտտացնել։ Սա, իհարկե, մի քիչ կատակով։ Բայց մի քիչ էլ լուրջ։

Ես լավ չեմ հիշում Տիգրան Մեծի կայսրությունը, բայց հստակ հիշում եմ Սովետական Միությունը. աշխարհում կային երկու գերտերություն, ու ես դրանցից մեկի քաղաքացին էի։

Հայաստանը չի կարող լինել գերտերություն, պետք էլ չի, բայց Հայաստանը չպետք ա լինի գավառական-մարգինալ երկիր։

Սովետական պրոյեկտը պատմության ամենից վիթխարի պրոյեկտներից էր։ Եթե էդ պրոյեկտը ձախողվեց, եթե մենք մերժում ենք դրա իրագործման մեթոդները, չի նշանակում թե մենք պետք ա մերժենք «քաղաքական պրոյեկտ» հասկացությունն ընդհանրապես ու մեր երկիրը մատնենք ինքնահոսի։ Ինքնահոսով Հայաստանը գնում ա դեպի գավառականություն ու նեոֆեոդալիզմ։

Պետք ա էս պրոցեսը կանգնացնել ու հետ շրջել, իսկ դրա համար պետք ա հայկական նախագիծ։ Հայկական նախագիծը բաց նախագիծ ա՝ ինչքան շատ մարդ մասնակցի դրա կազմմանը, էնքան լավ։ Որովհետև եթե նախագծի կազմման ընթացքում հաջողվի Հայաստանում ստեղծել քաղաքացիական ֆորում՝ դրանով գործի կեսն արդեն արված կլինի։

Որովհետև հայկական նախագծի նպատակը հենց դա պետք ա լինի՝ ստեղծել մի երկիր, ուր բոլորն իրանց կզգան տեր ու պատասխանատու։

Հայաստանի միակ ռեսուրսը մարդն ա։ Բայց մարդը՝ որպես անհատ ու մտածող էակ, ոչ թե որպես քանակ ապահովող միավոր, որովհետև էս երկրորդ դեպքում կստացվի որ Հայաստանը ռեսուրս չունի։

Հայկական նախագիծը պետք ա որպես նպատակակետ ունենա մի երկիր, ուր ամեն մեկս կարողանանք առավելագույնս ռեալիզացնել մեզ՝ կառուցելով մեր երջանկությունը։

Բայց հայկական նախագիծը պետք ա նաև նախատեսի մեխանիզմ, որ ոչ մեկս չկարողանա իր երջանկությունը կառուցել ոչ կողքինի տան հիմքերը, ոչ էլ մեր ընդհանուր տան հիմքերը խարխլելու հաշվին։

Հայաստանը փոքր ա տարածքով, փոքրաքանակ ա իր բնակիչների թվով, գտնվում ա պրոբլեմներով խճողված տարածաշրջանում, դեռ պատմական խնդիրների բեռն էլ շալակին։ Բայց պատմությունը ցույց ա տվել՝ շատ ծաղկուն քաղաքակրթություններ սկիզբ են առել հենց անբարենպաստ տարածքներում։

Որովհետև հենց պրոբլեմներն են, որ լարում են մարդու միտքը՝ ստիպելով գտնել ոչ ստանդարտ լուծումներ։ Հայաստանում էսօր կա էդ ոչ ստանդարտ լուծումների ընդունակ միտքը։ Բայց քանի որ էսօրվա Հայաստանում էդ միտքը պահանջարկ չունի, դրա կրողները պարադոքսալ կղզյակներ են՝ Հայաստանի ընդհանուր անմիտ ֆոնին։

Պահանջարկը ինքն իրան չի առաջանալու, պահանջարկը պետք ա ստեղծել։ Պահանջարկը պետք ա ստեղծեն հենց մտքի կրողները։ Ես ինձ համարում եմ մտքի կրող և հավատում եմ, որ կտեսնեմ էն Հայաստանը, ուր միտքը լինի կապիտալ։

Բայց դրա համար պետք ա, որ միտքը կիզակետ ունենա և ի վերջո ծնի գործողություն։ Ես հենց սրան եմ ասում՝ հայկական նախագիծ։

Մարդիկ, որ իրանց մտապատկերում ունեն ուրիշ մի Հայաստան, և ցանկություն ունեն իրականություն դարձնելու էդ ուրիշ Հայաստանը, կարող են միավորվել՝ ստեղծելու խումբը, որ կկոչվի «Հայկական նախագիծ»։

Պարտադիր չի, և հնարավոր էլ չի, որ խմբի բոլոր անդամները ապագա Հայաստանի մասին ունենան նույն պատկերացումը։ Հայկական նախագիծը կարող ա ունենալ մի քանի տարբերակ։

Եթե էդ տարբերակների քննարկման շուրջ Հայաստանում հաջողվի ստեղծել քաղաքացիական ֆորում՝ դրանով գործի կեսն արդեն արված կլինի։ Հայաստանը ակտիվացրած կլինի իր հիմնական ռեսուրսը՝ ընդհատակից հանած կլինի իր «խռոված» էներգիան։

Մնում ա փորձել։