Israeli Poets translated by Marine Petrossian. Garun magazine, #2, 2001


Tamir Lahav-Radlmesser
Song of David

Նայիր երկնքին Դավիթ / նայիր / այն կապույտ է / շաբաթ է / երկինքը թափանցիկ է / կապտամոխրագույն / Հանգստաց օրը / Տիրոջ ավարտքը / արի նստենք / այստեղ / ավազներին / թող մեր աչքերը տեսանեն / երկինքը / ավազը / աջից և ձախից /թող Նրա ավազը հագեցնի մեր աչքերը / արի նայենք / ծխիր / կնայենք լռությանը / թռչնի ձայն անգամ չկա / կնայենք / նայիր երկնքին / Դավիթ / նայիր երկնքին / ինքնաթիռներ / մեկը / Դավիթ / երկրորդը / Դավիթ / երրորդը / չորրորդն էլ Դավիթ / նայիր ինչ գեղեցիկ է / ինչ նրբին / արծաթափայլ / գծում են / օղակներ / հրաշք են / բարձրացրու աչքերդ և տես Դավիթ / թափահարում են թևերը / ինքնաթիռները / պտույտ են տալիս և թափահարում / մեկը մյուսի հետքից / Դավիթ / տես իջնում են / իջնում են / պտույտ տալով իջնում են / նայիր Դավիթ / ցած են արդեն / քսվում են ավազներին / ինքնաթիռները / օդաչուն իր խցիկում / երկրորդը և երրորդը և չորրորդը / Դավիթ / նրանց թևերը տես պատսպարում են մեզ / նայիր Դավիթ / նայիր / կրակ կա նրանց թևերին / կրակ / նայիր / կրակ է թափվում երկնային բարձունքից / կրակ / կրակ / կրակ բարձունքից / դեպի քեզ Դավիթ / դեպի ինձ / կրակ է հղվում բարձունքից / վեր կաց ու փախիր / Դավիթ / վեր կաց ու փախիր / վեր կաց ու փախիր / նայիր Դավիթ / ահա քո գնդացիրը / ահա իմը / պառկիր մեջքիդ / Դավիթ / պառկիր / փողերը դեպի երկինք / փողերը դեպի երկնային բարձունքը / սեղմիր ձգանը Դավիթ / սեղմիր / ես սեղմում եմ / կրակ երկնքից / գնդացրային կրակ / կրակ առ կրակը երկնքից / լսո՞ւմ ես նրանք պտտվում են / նորից / պտտվում են / մեկը, երկուսը, երրորդը և չորրորդը / պտտվում են / կրակ կա նրանց թևերին / կրակ ու որոտ / նրանց թևերին / սեղմած պահիր ձգանը / Դավիթ / սեղմած պահիր / բաց չթողնես / մենք բաց չենք թողնի / կրակ է հղվում երկինք / կրակ է իջնում / երկինքը և հողը / ցած է իջնում կրակը / երկինք գթա / Բնակյալդ երկնային բարձունքում գթա / կրակը կլանում է կրակը / կրակն իր մեջ է առնում օդաչուի աչքերը / նաև իմ աչքերն իր աչքերի մեջ / կրակն իր մեջ է առնում նրա թևերը / մենք խփեցինք Դավիթ / չթողնես փախչի / չենք թողնի փախչի / խփել ենք / Դավիթ / խփել ենք / կայծակ ու որոտ / կրակն իր մեջ է առնում կրակը / կրակը մեր մեջ է / ավազն ահա բարձրանում է երկինք / դու ընկնում ես / Դավիթ / ահա ընկնում ես / ինձ վրա / ընկնում ես / Դավիթ / բարձրացիր Դավիթ / բարձրացիր / դու ծանր ես Դավիթ / բարձրացիր / Դավիթ / և սեղմիր ձգանը / Դավիթ / Դավիթ / Դավիթ / բարձրացիր Սիրվածդ Տիրոջից / դեմքդ ծածկված է ցողոտ լույսերով / վարսերդ թաց են գիշերային ցողով / մարմնիդ մեջ բացվածքներ են ու խոռոչներ / խոռոչներ ու բացվածքներ / մարմինդ ծանրացել է վրաս / վեր կաց ասում եմ / վեր կաց ասում եմ / հենց հիմա / վեր կաց / խնդրում եմ Դավիթ / խնդրում եմ արթնացիր / զարթնիր աղաչում եմ / խնդրում եմ կանգնիր / բարձրացիր խնդրում եմ / բարձրացիր / Դավիթ / բարձրացիր / հենց հիմա / կլսենք լռությունը / կնայենք երկնքին / տես կապտամոխրագույն է / կրակ Հանգստաց օրը / Տիրոջ Ավարտքը / կլսենք լռությունը / Դավիթ / ինչ խաղաղ է այստեղ / և տաք է / հոկտեմբերն է ու տաք է / տաք արյուն / տաք արյուն / մատներս քո խոռոչների մեջ են / որ արյունդ դուրս չհոսի Դավիթ / որ չլքի մարմինդ / որ մահը չտանի քեզ / որ դու չմեռնես / Դավիթ / որ չմեռնես դու / Հայր մեր ու Տեր մեր փրկիր նրանց ովքեր կրակի բերանում են / կրակի բերանում են գլխատում են ու խեղդում / փրկիր / նրանց որ քնած են փոշիների մեջ / փրկիր / հենց հիմա / ցույց տուր զորությունդ / ցույց տուր ասում եմ / զորությունդ / եղիր մեզ հետ քո անունով / կյանք տուր մեզ / ցույց տուր զորությունդ / հենց հիմա / ցույց տուր / ավազը եռում է / կրակը զորավոր է / քամին / քամին / թող ամպեր չլինեն / թող անձրև չլինի / թող քամի չլինի այլևս / արյուն / այլևս չլինի